Բաժիններ՝

Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ Թեհրանը պատասխանելու է Սիրիայում իր բազաներին հասցվող հարվածներին

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ապրիլի 30-ին հայտարարել է, որ Թեհրանը պատասխանելու է Սիրիայում իր օբյեկտներին հասցվող հարվածներին: Այդ մասին հայտնել է Al Manar հեռուստաալիքը:

«Այժմ յուրաքանչյուր ձեր հարվածին դուք կստանաք պատասխան հարվածներ»,-հեռուստաալիքը մեջբերում է Խամենեիի խոսքը: Իրանի առաջնորդը նախազգուշացրել է, որ «դարաշրջանը, երբ հարվածներ հասցնելուց հետո հակառակորդին հաջողվում էր խուսափել պատասխանից, անցել է»:

Իրանի ղեկավարի ելույթը դարձել է սիրիական բանակի եւ Դամասկոսի կողմում կռվող շիա մարտիկների զինված կազմավորումների դիրքերի վրա հրթիռային գրոհի արձագանքը: Սիրիական զինվորական աղբյուրն ավելի վաղ SANA գործակալությանը հայտնել է, որ հարվածները լույս ապրիլի 30-ի գիշերը հասցվել են Համա եւ Հալեպ քաղաքների արվարձաններում:

Sky News Arabia հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, արդյունքում, մասնավորապես, ոչնչացվել է Համայից (Դամասկոսից 220 կիլոմետր հեռավորությամբ) 10 կիլոմետր արեւմուտք գտնվող իրանական զենքի խոշոր պահեստը: Բացի այդ, նրա տվյալներով, զոհվածներ կան սիրիական զորքերի եւ իրանական ռազմական խորհրդականների շարքերում:

Al Akhbar լիբանանյան թերթը (շիաների «Հըզբոլլահ» կուսակցության տպագիր մարմինը) Սիրիայի վրա նոր հրթիռային գրոհի համար պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա եւ նախազգուշացրել «այդ հարձակման մոտալուտ եւ անխուսափելի պատասխանի մասին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս