Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին. Հարավային Կորեայի նախագահ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը այն կարծիքին է, որ իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին այն ջանքերի համար, որոնք նա Փենյանի միջուկային ծրագրի կապակցությամբ ներդրել է Հյուսիսային Կորեայի հետ դիմակայությանը վերջ դնելու գործում: «Նախագահ Թրամփը պետք է շահի Խաղաղության Նոբելյան մրցանակը:
Մեզ հարկավոր է միայն խաղաղություն»,-արեւմտյան ԶԼՄ-ները մեջբերում են հարավկորեացի նախագահի խոսքը, որը նա ապրիլի 30-ին ասել է կառավարական խորհրդակցության ժամանակ:
Ինչպես ապրիլի 30-ին հայտնել է Yonhap գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 70 տոկոսը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նրա հանդիպման ֆոնին: Նրա տվյալներով՝ հարցվածների 70 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Մուն Չժե Ինի՝ որպես պետության ղեկավարի գործունեությանը, եւ այդ ցուցանիշը 2,2 տոկոսով բարձր է, քան մեկ շաբաթ առաջ:
Ապրիլի 27-ին Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կողմերը հայտարարել են, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները: Նրանք հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական է որակել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ վայրում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը: «Հրթիռների արձակումների եւ միջուկային փորձարկումների խելահեղ տարվանից հետո այժմ պատմական հանդիպում է տեղի ունենում ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ: Լավ բաներ պատահում են, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: