Քաբուլում պայթյուններից զոհվածների թիվը հասել է 25-ի, վիրավորվել է շուրջ 50 մարդ
Քաբուլում ապրիլի 30-ի առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի, 49 մարդ վերքեր է ստացել: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհվածների եւ 27 տուժածների մասին:
Քաբուլում երկու պայթյուն է որոտացել երկուշաբթի առավոտյան: Ոստիկանության տվյալներով՝ առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որը եղել է մոտոցիկլետով: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել նույն շրջանում մոտավորապես 20 րոպե անց, երբ պատահարի վայր են ժամանել լրագրողները եւ շտապ օգնության ծառայությունները: Պայթուցիկ սարքը նույնպես գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը:
Երկրորդ պայթյունի հետեւանքով, հեռուստաալիքի տվյալներով, զոհվել է յոթ լրագրող, այդ թվում՝ «Ֆրանսպրես» գործակալության լուսանկարիչը: Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: