Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է դեռահաս աղջիկների ընդամենը 4 տոկոսը

Պապիլոմա վիրուսի դեմ մինչ օրս պատվաստվել է 488 դեռահաս աղջիկ՝ պատվաստման ենթակա անձանց ընդամենը 4 տոկոսը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը պլանային գործընթաց է: Յուրաքանչյուր 13 տարեկան աղջիկ մինչ 14 տարին լրանալն իրավունք ունի ստանալ այն: Պատվաստման ենթարկված բոլոր դեռահաս աղջիկների վիճակը շատ լավ է, ոչ ոքի մոտ չի գրանցվել ետպատվաստումային որևէ ռեակցիա: Սկզբնական շրջանում հայտարարել էինք ընդամենը 160 աղջկա պատվաստման մասին: Սակայն այս կարճ ժամանակում գործընթացն անհամեմատ ակտիվացել է»,-ասաց Սահակյանը:

Նախարարության աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Ծրագրի ղեկավարի կարծիքով՝ նախքան պատվաստումները սկսելը տարվեց հակաքարոզչություն, որը չէր համապատասխանում իրականությանը: «Մարդկանց շրջանում վախի մթնոլորտ ստեղծվեց, և մեզանից մեծ ջանքեր պահանջվեցին նրանց հասկացնելու համար: Այս ուղղությամբ իրականացրել ենք ինչպես անհատական հանդիպումներ, այնպես էլ մասսայական միջոցառումներ»,-ասաց Սահակյանն ու մեկ անգամ ևս նշեց, որ այս պատվաստումն ուղղված է քաղցկեղի մի տեսակի կանխարգելմանը:

Պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումները Հայաստանում մեկնարկել են 2017 թվականի դեկտեմբերի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս