Բաժիններ՝

«Այսօրվա հաղթանակն ունի պատմական նշանակություն». Խաչատուր Գասպարյան

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր լրջագույն նշանակություն կարող է ունենալ մեր ազգի պատմության մեջ, որովհետև հասել էինք մի իրավիճակի, որ ժողովուրդն այլևս հուսահատ էր, նախորդ դեպքերում որևէ լիդեր չէր կարողանում հասնել հաղթական ավարտի։

Միգուցե հավատի պակասն էր, քաղաքական հնարքի բացակայությունն էր։ Կարծում եմ՝ Մարտի 1-ի դեպքերը տարաբնույթ հետևանք ունեցան՝ մարդկանց մոտ վախ առաջացավ, որ, եթե պայքարում ես հանուն, քո կարծիքով, արդարության ու ազատության, կարող է նույնիսկ մահվան ելք ունենալ։

Եվ սա ժողովրդական ինքնագիտակցության մեջ, հատկապես՝ հայ ժողովրդի, որ դարերով շարունակ կրում է վախի, սարսափի, զոհի հոգեբանության էլեմենտները, սա շատ ուժեղ գործիք է։ Մյուս կողմից՝ 10 տարի առաջ մեր ունեցած զոհերն այսօրվա հաղթանակին նպաստեցին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին։

Ըստ նրա՝ կարևոր հանգամանք է, որ սա տեղի է ունենում ապրիլին։ Խ. Գասպարյանը նշեց, որ Հայաստանում ընդամենը 3 տարի առաջ շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ՝ մեր զոհերը սրբադասվեցին. «Հոգեբանական տեսակետից սա կարևոր է, որովհետև երբ մենք ունենք նահատակներ, որոնց հանդեպ աշխարհն անարդար է մնում, ժողովրդի մոտ առաջանում է անօգնականության զգացում, որ չի կարողանում իր անմեղ զոհերի խնդիրը բարձրացնել պատշաճ աստիճանի և հասնել առավելագույնի։

Կարդացեք նաև

Այստեղ սրբադասման արարողությունը եկավ փոխելու ընկալումը, որ նրանք այլևս սրբեր են, և դա պետք է ավելի տոն լինի, քան սուգ։ Մենք այդ անցումն ամբողջովին չգիտակցեցինք, բայց այսօր տեղի ունեցողը կարող է փոխել տրամադրությունը ժողովրդի մեջ, և մենք ապրիլյան սգավոր ժողովրդից վերածվում ենք ապրիլյան հաղթանակած ժողովրդի»։

Հոգեբանի կարծիքով՝ հաջորդիվ սարսափելի քաղաքական իրադարձություններ չեն կարող տեղի ունենալ։

«Ես հավատում եմ, որ այս օրն ամբողջ հայ ժողովրդի համար կարևոր շրջադարձային օր է լինելու։ Ժողովուրդն առաջին անգամ զգաց, որ ինքն է լիարժեք տերը։ Շատ հատկանշական է, որ երիտասարդ սերունդն է ոտքի ելել, նրանք շատ ավելի ինքնավստահ են, չունեն վախ, որ կպատժվեն, չունեն իրենց ուսերին խորհրդային ժամանակներից եկած դոգմաներ։

Մինչդեռ նույն ՀՀԿ-ն առաջորդվում է խորհրդային կարգերին, կոմունիստներին հատուկ քայլերով։ 21-րդ դարը, որտեղ հաղորդակցման նոր էլեմենտներ, վիրտուալ աշխարհ է թափանցել, չի կարող վերահսկվել նախկին խորհրդային ժաանակներից եկած կարգերով։ Եվ այս հեղափոխությունը, կարծես, անհրաժեշտություն էր։ Ուկրաինայում արյունոտ և կոպիտ ձևով դա եղավ, պակաս զոհերով, բայց բավականին դժվարությամբ Վրաստանում տեղի ունեցավ և այլ երկրներում։ Մենք ազգովի գնում էինք սրան։

Եվ այսօրվա հաղթանակն ունի պատմական, հոգեբանական նշանակություն, որ ժողովուրդը վերագտնում է իր ինքնավստահությունը, որ ինքն է իսկական տերն ու տնօրենը իրավիճակի, երբ միահամուռ է, ունի անկոտրում կամք և կարող է հասնել ցանկացած նպատակի։ Այսօրվա հաղթանակը փաստում է, որ գնված կամ մանիպուլյացիաներով ձեռք բերված իշխանությունը կեղծ է, ժամանակավոր է և չի կարող երկարատև բնույթ ունենալ։ Ես լիահույս եմ, որ ապագայում մեր հաղթանակած ժողովրդի բոլոր քայլերն ուղղված կլինեն հայ ժողովրդի բարգավաճմանն ու կայացմանը»,- ասաց Խ. Գասպարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս