Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու. Ռազմիկ Դավոյան

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսության: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, Դավոյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը միանշանակ մերժել է երկխոսությունը, այսինքն՝ նա խոսելու պատրաստ չէ:

«Փաշինյանը, եթե որևէ բան ունենար ասելու, ապա հանդիպման ժամանակ կասեր, իսկ հիմա, եթե նա պատրաստ է մեղայականով հանդես գալու, ապա կարծում եմ, որ այդ պարագայում երկխոսությունը ճիշտ կլինի»,- նշեց Դավոյանը:

Նրա կարծիքով՝ հավաք իրականացնողներից ով էլ ցանկանա իշխանության գալ, ապա դա պետք է միայն աշխատանքով անի, ոչ թե հավաքներով:

«Ոչ ոք չի անդրադառնում այն հարցին, որ Սերժ Սարգսյանը երթերով կամ հավաքներով չի եկել իշխանության գլուխ, այլ տևական, համառ աշխատանքի շնորհիվ՝ ապահովելով երկրի պաշտպանությունը, միջազգային ասպարեզում երկրի վարկանիշը բարձր պահելով և կողմնակիցներ շահելով աշխարհում»,- շեշտեց Դավոյանը:

Նա նաև անդրադարձավ այն հարցին, որ այս հավաքներին մասնակցող հիմնական մասը երիտասարդներ են և նրանք չեն տեսել նախկին հանրահավաքները, իրենց ծնողներն են տեսել, ու դրանք ավերածություններ են պատճառում ժողովրդին, նրա ֆիզիկական և հոգևոր կյանքում:

«Բացի այն, որ այս ամբողջն անօրինական է, իր հետ բերում է մատաղ սերնդի հոգևոր աշխարհի ապականություն: Ես մեր ժողովրդին շատ եմ սիրում, ամբողջ կյանքում եղել եմ նրա ծառան և միշտ, թե՛ սոցիալական վիճակը, թե՛ աշխատանքի հարցերը, և թե արտագաղթը եղել են իմ ուշադրության կենտրոնում: Ես դեռ չեմ տեսել, որ այս երթի մասնակիցները որևէ կոնկրետ գործ արած լինեն մեր ժողովրդի համար»,- ընդգծեց բանաստեղծը:

Տեսանյութեր

Լրահոս