Իրավասու մարմինները պարտավոր են հստակ տեղեկատվություն տրամադրել, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը. փաստաբան
ՀՀ գլխավոր դատախազությունը քիչ առաջ հայտնեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալության մասին: Ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկություների՝ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը գտնվում են ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում, սակայն այս պահին տեղեկություն չկա հավաքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք իրավապահներն իրավունք ունե՞ն չհայտնել ձերբակալված անձի գտնվելու վայրը, ասաց.
«Իրավասու մարմինները, ովքեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ձերբակալել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Արարատ Միրզոյանին, պարտավոր են հասարակությանն առավել թափանցիկ և մանրամասն տեղեկատվություն հաղորդել նախ՝ մեղսագրվող արարքների, ինչպես նաև՝ նրանց փաստացի գտնվելու վայրի մասին:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը գտնվում են ոստիկանության Շենգավիթի բաժնում, ինչն անհասկանալի է, քանի որ քրեական գործի վարույթը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, և ըստ էության՝ նրանք ձերբակալվել են ՀՔԾ քննիչի կողմից:
Հետևաբար՝ հարց է առաջանում, թե անձինք, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամավորները, ովքեր օժտված են անձեռնմխելիության մանդատով, այս պահին ինչո՞ւ են գտնվում ոստիկանության Շենգավիթի բաժնում: Երկրորդ՝ իրավասու մարմինները, այս դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությունը, պարտավոր է հստակ տեղեկատվություն տրամադրել, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը, ով Ազգային ժողովի պատգամավոր է: Դեռ չանդրադառնանք հարցին՝ արդյո՞ք իրավաչափ էր նրանց ձերբակալելը, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածը հստակ ամրագրում է, թե ինչ դեպքում կարող է ձերբակալվել Ազգային ժողովի պատգամավորը»: