Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր և ՀՀ նախագահի զրույցը. նա բանակցությունների օրակարգ է առաջարկել
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է այսօր ինքը Հանրապետության հրապարակում խոսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Երբ եկանք այստեղ, տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ ինքը պատրաստ է հանդիպել ինձ հետ: Ես էլ ասացի՝ ժամը 7-ին պարոն Սարգսյանին սպասում եմ ՀՀ հրապարակում, և նա եկավ հրապարակ: Նա ասաց, որ մտահոգված է իրավիճակով, ես ասացի՝ այստեղի հավաքված մարդիկ էլ են մտահոգված ՀՀ իրավիճակով և նույնիսկ գիտեն լուծումը, թե ինչպես պետք է այդ մտահոգությունները փարատվեն, դա Սերժ Սարգսյանի հեռացումն է: Պարոն Սարգսյանն ասաց՝ «հիմա ի՞նչ, դուք ասում եք՝ ընդհանարապես խոսելու, բանակցելու կարիք չկա՞»: Ես ասացի, որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանությունների հեռացման և իշխանության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները, և ես այսօր ասացի, որ, այո, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»,- պատմեց Ն. Փաշինյանը:
Ն. Փաշինյանի փոխանցմամբ՝ Ա. Սարգսյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ ֆորմատով և որտե՞ղ է ինքը պատկերացնում այդ բանակցությունները. «Ես ասացի, որ, քանի որ դուք այս քաղաքական կոնֆլիկտի մաս չեք, ես ձեզ հրավիրեցի ՀՀ հրապարակ, բայց նրան չեմ կարող հրապարակ հրավիրել, որովհետև վստահ չեմ, որ այստեղ կկարողանանք իրավիճակը կառավարելի պահել: Բնականաբար, նման բանակցություն չի կարող տեղի ունենալ նաև կառավարական ոչ մի շենքում, որովհետև ես ինքս նման տեղերում չեմ գնա ու խոսի այդ թեմայով: Ես ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ չեզոք վայրում, որևէ հյուրանոցում: Ես արձանագրեցի, որ մեր բանակցային պրոցեսի միակ թեման լինելու է Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության անցնցում ձևով փոխանցելու օրակարգը, ուրիշ թեմա մեզ համար չի կարող լինել օրակարգային»:
Նա ասաց, որ իրենք ունեն այդ գործընթացի այլընտրանքային տարբերակներ, սակայն կարևոր դրույթն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Ն. Փաշինյանը հանրությանը խնդրեց իրեն լիազորել՝ նման բանակցությունների մասնակցելու համար: Մարդիկ բղավեցին՝ «այո»:
Ն. Փաշինյանը պատմեց նաև, որ Ա. Սարգսյանն ասել է, որ բռնությունների հետ կապված ինքը մտավախություն ունի: «Ես ասացի՝ ինչո՞ւ պետք է լինեն բռնություններ, ի՞նչ բռնությունների մասին է խոսքը, ես ասացի, որ մեր կողմից պաշտոնապես երաշխավորում եմ, որ մեր շարժման որևէ մասնակից որևէ բռնություն չի գործադրելու, ու մենք մեր կողմից բացառում ենք բռնության գործադրումը: Ես ասացի, որ մենք վարում ենք բաց ձեռքերի քաղաքականություն»:
Ն. Փաշինյանը նաև նախագահին ասել է, որ նա պետք է ապահովի, որ այս հավաքի նկատմամբ որևէ ոստիկանական գործողություն չլինի. «Եթե տեղի ունենա, այս հանդիպումից սկսած՝ դրա պատասխանատվությունն ընկնելու է Արմեն Սարգսյանի վրա»: