Արվեստի գործիչները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը
Արվեստի գործիչները Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ լուծումը տեսնում են երկխոսության միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ասաց.
«Երկրում տեղի ունեցող իրադարձությունների լուծումը միանգամայն հստակ է՝ միայն ու միայն երկխոսությունը: Կազմակերպված հավաքները հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ: Մենք պարտավոր ենք հրատապ ձևով ընդունել ժամանակի հրամայականը, որպեսզի բոլոր հարցերը քաղաքակիրթ և գիտակից լուծումներ ստանան: Ոչ թե զգայական, ընդվզման, մեղադրանքի, այլ բանականության ճանապարհով պետք է ընթանանք»:
Նա թեև դեռ չի պատկերացնում լուծման մեխանիզմները, սակայն կարծում է, որ կողմերը պետք է երկխոսության պատրաստակամություն հայտնեն: «Գիտեմ, որ վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել երկխոսելու, իսկ մյուս կողմից մերժողականությունն անհանգստացնում է բոլորիս»-նշեց Ամիրխանյանը:
Հայաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի կարծիքով՝ընտանիքում եղած խնդիրները միայն ընտանիքի անդամներն են որոշում ու լուծում գտնում: Միմյանցից իրավացիորեն դժգոհ լինելը մեկ ուրիշի խնդիրը չէ: «Չեմ ուզի, որ այս վեճը քննարկի այլ երկիր: Երիտասարդների ընդվզումը խորապես հարգելով՝ ուզում եմ, որ նստեն բանակցության սեղանի շուրջ: Ես երկխոսության կողմնակիցն եմ»,-ասաց նա ու հավելեց, որ ուրիշ կերպ հարցերը չեն լուծվում:
ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը կարծում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակն այսօր թույլ չի տալիս, որ հարցերը լուծվեն այս կերպ՝ փողոցում: «Կարծում եմ՝ ակտիվություն պետք է լիներ պառլամենտական ընտրությունների ժամանակ, ոչ թե հիմա՝ մարդկանց փողոցներ հանելով, դասադուլ հայտարարելով: Դա խնդրի լուծում չէ»,-նշեց նա:
Թադևոսյանը մեծապես կարևորեց վարչապետ Սարգսյանի երկխոսության առաջարկը: Նա նկատեց՝ ոչ ստաբիլ վիճակներ եղել են Հայաստանում, սակայն նախկինում իշխանության մյուս ղեկավարներն այդպիսի առաջարկություն չեն արել: «Կարծում եմ՝ այդ առաջարկն անպայման պետք է ընդունվի, շատ խոր վերլուծություն արվի: Անհրաժեշտ է գալ ընդհանուր հայտարարի, քանի որ մեր աշխարհաքաղաքական վիճակը հիմա թույլ չի տալիս մեզ սխալվել: Այդ սխալը մեզ համար կարող է ճակատագրական լինել»-նշեց ջութակահարը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները:
Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը:
Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակը, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ են սկսել Նոր Նորքի զանգվածից: Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել հավաքի 93 մասնակից: