Դատարանը հրապարակեց Նորք-Մարաշի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի զենք գնելու մասին հեռախոսազրույցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախագահող դատավոր Արմեն Բեքթաշյանի գլխավորությամբ ապրիլի 6-ին շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը: Դատական նիստի ընթացքում հրապարկվեց զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որով պարզ է դառնում, որ նա խոսում է գործից անջատված մասով առանձին վարույթով 3 տարի 6 ամսով դատապարտված Հակոբ Հակոբյանի հետ և քննարկում զենքի առքուվաճառքի հետ կապված հարցերը:
Հեռախոսազրույցի ընթացքում լսվում է «ՏՏ» և «Մակարով» տեսակի ատրճանակների, Կալաշնիկովի գնդացրի և դրանց փամփուշտների ու այլ զենքերի, ռազմամթերքի գների վերաբերյալ խոսակցությունը:
«Արմենպրես»-ը կից ներկայացնում է հեռախոսազրույցի մի հատվածը:
Դատարանը հրապարակեց Նորք-Մարաշի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի զենք գնելու մասին հեռախոսազրույցը:
Gepostet von Armenpress am Freitag, 6. April 2018
Ըստ մեղադրական եզրակացության` Հակոբ Հակոբյանը, Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել ու իրեն իրացնել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթման փորձի ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: