Բաժիններ՝

Թրամփը որոշեց կրկնակի բարձրացնել հարկադրույքները Չինաստանի դեմ առևտրական պատերազմում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկրի առեւտրական ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 100 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսերի սահմանման հնարավորությունը: Այս մասին, ինչպես հաղորդել է Reuters-ը, ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ-ը որոշում էր ընդունել չինական ապրանքների նկատմամբ գործող մաքսերը բարձրացնել 50 միլիարդ դոլարով, ի պատասխան Պեկինը հայելային միջոցներ է հայտարարել: Թրամփը նշել է, որ Չինաստանը «մշտապես ամերիկյան մտավոր սեփականության անարդարացի զավթման պրակտիկա է կիրառում», եւ Պեկինի պատասխանն «անազնիվ քայլ է»: «Փոխանակ ուղղելու իր անիրավական գործելակերպը, Չինաստանը որոշել է վնասել մեր ֆերմերներին եւ արտադրողներին»,- ասել է նա:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 3-ին հրապարակել է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել: Ցուցակում, մասնավորապես, ներառված են չինական արտադրության այնպիսի ապրանքներ, ինչպիսք են ավտոմոբիլները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտը, հաստոցները, բժշկական եւ այլ սարքավորանքը, ավիացիոն պահեստամասերը, արբանյակները՝ ընդամենը 1,3 հազար անուն: Իր հերթին, ՉԺՀ-ի Պետխորհուրդն ապրիլի 4-ին 25 տոկոս մաքս է սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, նավթաքիմիայի արտադրանքի, ընդեղենի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ամերիկյան արտադրանքի համար: «Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը կհայտարարվի ավելի ուշ»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է համաչափ պատասխան տալ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին, որոնք կհամապատասխանեն ազդեցության ուժով եւ մասշտաբներով: Բացի այդ, չինական ապրանքների առեւտրական մաքսատուրքերի սահմանման պատճառով Չինաստանը ԱՄՆ-ի դեմ գանգատով դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող չինական ապրանքների վրա վերջերս Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի սահմանումը եւ Չինաստանի կողմից հայտարարված պատասխան միջոցները առեւտրական պատերազմ չեն: «Մենք Չինաստանի հետ առեւտրական պատերազմի վիճակում չենք: Այդ պատերազմը շատ տարիներ առաջ տանուլ են տվել ԱՄՆ-ը ներկայացնող տխմար ու անիրազեկ մարդիկ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ ներկայում Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրական հաշվեկշռի դեֆիցիտը կազմում է 500 մլրդ դոլար: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը նաեւ տարեկան եւս 300 մլրդ դոլար է կորցնում «Չինաստանի ընկերությունների կողմից ամերիկյան ինտելեկտուալ սեփականության գողանալու» պատճառով: «Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի»,-ընդգծել է նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս