Ինչի՞ պատճառով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դարձավ գեներալ գնդապետ. Մեկնաբանում է Վովա Վարդանովը
Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեցին ապրիլյան քառօրյա պատերազմին:
Ասուլիսի բանախոս, ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովն անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքներին՝ նկատում է՝ ռազմաքաղաքական ոլորտը ղեկավարողներին քառօրյա պատերազմը ստիպեց մտածել ու լինել ավելի շրջահայաց, քան դրանից առաջ կարող էին իրենց թույլ տալ.
«Նկատի ունեմ, որ առաջ են քաշվում այնպիսի հայեցակարգեր, որոնց մասին մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, բայց ուշադրություն չենք դարձրել, ինչպես, օրինակ՝ «Ազգ-բանակ» ծրագիրն է կամ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջ քաշված ռազմահայրենասիրական հայեցակարգը: Հասարակությունը պետք է պահանջատեր և հետևողական լինի իր և երկրի անվտանգության հարցերում: Ես հուսով եմ, որ այն 100 զոհերը, որոնք ունեցանք, թույլ չեն տա, որպեսզի կրկին հայտնվենք էշի ականջում»:
Անդրադառնալով ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի այն հայտարարությանը, թե քառօրյա պատերազմի արդյունքում թույլ տված սխալների համար ոչ միայն որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, այլ ընդհակառակը՝ եղան մարդիկ, ովքեր որպես նվեր՝ գեներալի նոր աստղ ստացան, Վովա Վարդանովը նկատում է.
«Ինչի՞ պատճառով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դարձավ գեներալ գնդապետ, երևի՝ որովհետև իր ավտարիտետն ապրիլյան գործողությունների օրերին որոշակի չափով տուժել էր, և աստղի օգնությամբ գլխավոր հրամանատարը փորձեց բարձրացնել նրա վարկանիշը»:
Մանրամասները՝ տեսանյութում: