Բաժիններ՝

«Ես խնդիրներ եմ տեսնում Ասյա Խաչատրյանի ասածների արժանահավատության հետ կապված». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը դատապարտում և մերժում է ցանկացած դաժան կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Ասյա Խաչատրյանի կողմից բարձրաձայնված աղմկահարույց դեպքի մասին:

Հիշեցնենք նաև, որ Ա. Խաչատրյանը հայտարարել էր, թե առանց որևէ պատճառաբանման՝ Արցախում ոստիկանները նրան տարել են Ոստիկանություն, ծեծի են ենթարկել և հայհոյել: Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը՝ այդ հարցով քննություն իրականացնել:

Լ. Ալավերդյանի խոսքով՝ ամեն մի մարդու իրավունքների խախտում տեղի է ունենում շատ կոկրետ իրավիճակում.

«Արդյոք այն իրավիճակը, որը նկարագրել է այդ աղջիկը, համապատասխանո՞ւմ է իրականությանը. ես խնդիրներ եմ տեսնում՝ դրա արժանահավատության հետ կապված, որովհետև արդեն իսկ մեկ դրվագ ինքն աղավաղել է, դա այն դրվագն է, որը վերաբերում է իր կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանին դիմելուն և նրա պատասխանին: Պատասխանը եղել է խիստ հակառակը, այս առումով ինձ համար արժանահավատությունը ստուգելը դառնում է խնդիր համար մեկ: Ինքն ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանը մերժել է իրեն, իրականում հակառակ բանն է տեղի ունեցել, էլ չասեմ, որ ինքը դիմել է ոչ թե Արցախից, այլ՝ երբ եղել է արդեն Երևանում»:

Իրավապաշտպանը նշեց, որ իրեն միշտ հետաքրքրում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում դեպքը տեղի է ունենում և որից հետո այն հնչեցվում է.

«Ինչո՞ւ հենց այն ժամանակ, երբ Վաշինգտոնում էր գտնվում Բակո Սահակյանը: Այստեղ մի խնդիր կա, որը նրբանկատություն է պահանջում: Շատ անգամներ մարդու իրավունքները չարաշահվում են՝ հօգուտ աշխարհաքաղաքական ինչ-ինչ լուծումների: Դա որպես կասկած՝ ինձ մոտ մնում է: Վարկած կա, որ դա պատրաստվել է՝ որպես սադրանք:

Նման նշաններ կան, բայց փոխարենը մենք մտածենք դրա մասին՝ երկու պահանջ պետք է հստակեցվի. անշուշտ, պետք է հստակեցվեն մեղավորները Ոստիկանության կողմից, պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց ես կոչ եմ անում աշխարհի բոլոր երիտասարդներին, որ, եթե գնում են Արցախ, պաշտպանեն շատ-շատ այլ իրավունքներ, որոնք այսօր վտանգի ներքո են, մասնավորապես, արցախցիների անվտանգ ապրելու իրավունքը:

Ինչքանո՞վ է արդիական եղել այդ խիստ անձնական իրավունքների պաշտպանությունը: Ինքն արդեն աշխատել էր այնտեղ, գիտեր, որ ընդունված չէ Արցախում, որ երիտասարդ աղջիկը փողոցում ծխելով քայլի: Մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտն իր մեջ պարունակում է մի քանի կետ, հստակ մի դրույթ կա, որ բոլոր տեղերում մարդու իրավունքների զարգացումը պետք է տեղի ունենա՝ հաշվի առնելով այդ հասարակության մշակույթը և ավանդույթները»:

Լ. Ալավերդյանը նշեց, որ իր ասածը մի ստորակետով անգամ չի արդարացնում Ոստիկանության արարքները, եթե դրանք տեղի են ունեցել, բայց, ըստ նրա, Ա. Խաչատրյանի գործողություններում ի սկզբանե սադրանք է եղել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս