Սահարայի մակերեսը վերջին մեկ դարում ավելացել է 10 տոկոսով. կլիմայագետներ
Երկարատեւ բնական կլիմայական տատանումները եւ գլոբալ տաքացումը Սահարայի սահմանները վերջին հարյուրամյակի ընթացքում ընդարձակել են մոտավորապես 10 տոկոսով, ինչն արդեն բացասաբար է անդրադարձել Հյուսիսային Աֆրիկայի երկրների կյանքի վրա: Այդ մասին ասված է Journal of Climate-ում հրապարակված հոդվածում:
«Այդ գործընթացից ամենաշատը տուժել է Չադ լճի ավազանը. այստեղ անապատի սահմանները շարժվել են դեպի հարավ, եւ լիճն սկսել է ցամաքել: Այդ գործընթացի հետեւանքները՝ տեղումների մակարդակի նվազումը, նկատելի են ոչ միայն Կենտրոնական Աֆրիկայի առանձին մասերում, այլեւ ամբողջ տարածաշրջանում:
Այժմ մենք կարող ենք վստահությամբ ասել, որ այս հսկայական ավազանում ջուրն զգալիորեն պակասել է»,-հայտարարել է Սումանթ Նիգամը` ԱՄՆ-ի Քոլեջ-Պարքում գտնվող Մերիլենդի համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: