Telegram-ը մասնակիորեն վերականգնել է աշխատանքն ընդգրկուն խափանումից հետո
Telegram մեսենջերի աշխատանքը մասնակիորեն վերականգնվել է ընդգրկուն խափանումից հետո, որին ամբողջ աշխարհի օգտատերերը բախվել էին մարտի 29-ին: Այդ մասին, մեսենջերի թիմը մարտի 29-ին հայտնել է Twitter-ում:
«Telegram-ը վերականգնել է աշխատանքը Արեւմտյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների օգտատերերի մեծամասնության համար: Եթե դուք մինչ այժմ միանալու հետ կապված խնդիրներ ունեք (հատկապես Գերմանիայում, Իրանում եւ ԱՊՀ-ի երկրներում), մի փոքր էլ սպասեք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Telegram-ի աշխատանքում մարտի 29-ին Երեւանի ժամանակով ժամը 12:00-ից հետո խնդիրներ էին ծագել Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ ԱՊՀ-ի երկրների օգտատերերի շրջանում: Նրանց մեծ մասը գանգատվում էր մեսենջերին միանալու հետ կապված խնդիրներից: Մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը խափանումը բացատրել է Telegram-ի սերվերների քլասթերում սնուցման անջատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: