Բաժիններ՝

Ավտոմատիզացման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր. «Լոկատոր» ընկերության մշակումները պատկանում են բացառապես Հայաստանին

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ին մեկնարկած սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաեւ մեկ կոնցեռնի ներքո գործող «Լոկատոր» եւ «UAV lab» ընկերությունները:

«Լոկատոր» ընկերության ինժեներ Արգիշտի Ավետիքյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունները ներկայացնում են ավտոմատիզացման բազմաթիվ համակարգեր եւ անօդաչու սարքեր՝ կամիկաձե, հետախուզական եւ բեռնափոխադրման նշանակության սարքեր, դրոններ, լազերային նշանառության համակարգեր: Ներկայացված են, օրինակ, այնպիսի սարքեր, որոնք օգտագործվում են հարձակողական նպատակի համար, այսինքն՝ շարժվում են տանկի ուղղությամբ եւ պայթեցնում են հակատանկային ականը:

«Կարող են նաեւ գնդացիր տեղափոխել եւ առաջնագծում զինվորի փոխարեն կռվել, դեղորայք հասցնել»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

Նա հստակեցրեց, որ ընկերության մշակումները ստեղծվում են բացառապես Հայաստանի համար:

«Բոլորը կոնցեպտուալ մոդելներ են եւ պատվերներ ստանալու դեպքում կարող ենք սերիական արտադրությամբ անել: Այս ընկերությունում նման գաղափարը եկավ 2014 թվականին «Շնագայլը» ֆիլմը դիտելուց հետո. մենք ստեղծեցինք գնդացիր, որից հետո մեզ մոտ բացվեց ռազմական մշակումների բաժին: Փորձում ենք մեր ունեցած տեխնիկան ավտոմատացնել, հաջորդ տարիների ընթացքում ստեղծեցինք հակառակորդի հայտնաբերման համակարգեր, ինչպես դիպուկահարների կրակոցի ձայնի ուղղությամբ, պատկերի, ուրվագծի կամ տաքության հիման վրա: Մենք ЗПУ խորհրդային արտադրության կայանը ավտոմատացրինք, այսինքն՝ այն թեքվում է կոորդինատի ուղղությամբ եւ կրակ է բացում: Այս տարի ներկայացրել ենք մեր հարթակը եւ որպես բյուջետային համակարգ գնդացրային համակարգը, որը թույլ է տալիս զինվորին ուղղակի տեսախցիկի միջոցով դիտարկել հակառակորդին եւ կրակ բացել»,-ասաց Արգիշտի Ավետիքյանը:

Նա նշեց, որ բացառությամբ այս ցուցահանդեսին ներկայացված տեխնիկայից՝ մյուսները անցել են դաշտային փորձարկումներ եւ Պաշտպանության նախարարության կողմից արժանացել դրական գնահատականի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս