«Ելք»-ը չունի հեռանկարային քաղաքական ներուժ, համենայնդեպս, իր ներկայիս տեսքով և այսպես ասած՝ նմանությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական գործընթացում կա հետաքրքիր մի օրինաչափություն՝ խորհրդարանի ամեն ընտրությունից հետո հայտնվում է այսպես ասած նոր հաղթող: 2003-ին դա «Արդարություն» դաշինքն էր, 2007-ին՝ «Ժառանգություն»-ը, 2012-ին՝ ՀԱԿ-ը, 2017-ին՝ «Ելք»-ը:

2022 թվականի համար մի բան, թերևս, բավական շոշափելի է ուրվագծվում՝ «Ելք» դաշինքը գրեթե կորցրել է հաղթելու հնարավորությունը, դաշինքի ներկայիս երկփեղկումը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի թեմայով, կարծես թե, զգալիորեն անլրջացրեց քաղաքական կշռի իմաստով, ակնհայտ դարձնելով, որ «Ելք»-ը չունի հեռանկարային քաղաքական ներուժ, համենայնդեպս, իր ներկայիս տեսքով և այսպես ասած՝ նմանությամբ:

Ըստ այդմ, հաղթողի հավակնորդ մնալու համար դաշինքից կպահանջվի բավականին մեծ կրեատիվ, շոշափելի արդյունքի համար: Բայց գրեթե անխուսափելի է թվում դաշինքի ներկայիս կազմի տրոհումը:

Մյուս կողմից, առայժմ չի նշմարվում «Ելք»-ի մրցակից, որքան էլ դաշինքը իր ներկայիս տեսքով ու կշռով գտնվում է անկումային փուլում: Գոնե առայժմ իրավիճակն ավելի հավանական է դարձնում այն, որ 2022 թվականի խորհրդարանի ընտրությունը կառանձնանա ոչ թե ընդդիմադիր դաշտից նոր հաղթողով, այլ նրանով, որ ընդդիմադիր դաշտում պարզապես չի լինի հաղթող:

Բայց դրանում թերևս պետք էլ չէ տեսնել որևէ ողբերգություն կամ խնդիր: Ավելին, դա կլինի ընդդիմադիր դաշտի, այսպես ասած, հավաքական պարտությունը, և գուցե դրանից հետո հնարավոր կլինի Հայաստանում փաթեթով ազատվել հին ընդդիմությունից, առավելապես իբրև մեթոդաբանություն, և մտածել նոր ընդդիմության ձևավորման մասին: Մյուս կողմից, թեև բուն խնդիրը, անշուշտ, մեթոդաբանությունն է և մոտեցումները, մտածողությունը, սակայն նոր դեմքերը Հայաստանի ընդդիմադիր դաշտում դարձել են ոչ պակաս անհրաժեշտություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս