Հայաստանից արտահանման մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է 10.7 տոկոս
Հայաստանից արտահանման մեջ ընթացիկ տարվա երկու ամիսների վիճակագրությամբ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է 10.7 տոկոս (հավելաճը` 18.2 տոկոս), իսկ այլ երկրներինը՝ 89.3 տոկոս (հավելաճը՝ 43 տոկոս): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս ցուցանիշում ԵԱՏՄ մասնաբաժինը 12.7 տոկոս է (հավելաճը` 18.3 տոկոս), իսկ այլ երկրներինը՝ 87.3 տոկոս (հավելաճը՝ 57.6 տոկոս): «2017-2018 թթ. հունվար-փետրվար ամիսների համեմատական արդյունքները փաստում են, որ զգալի աճ է գրանցվել արտահանման և ներմուծման ցուցանիշներում։ Մասնավորապես, արտահանումն աճել է 39.9 տոկոսով (230 միլիոնից հասնելով 322 մլն ԱՄՆ դոլարի), իսկ ներմուծումը՝ 51.2 տոկոսով (350 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 530 մլն դոլարի)»,-գրել է վարչապետը:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին 8.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընթացիկ տարվա երկու ամսվա ցուցանիշներով աճ է արձանագրվել հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով` բացառությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի: