Ռոզմարի ԴիԿառլոն նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ամերիկուհի Ռոզմարի ԴիԿառլոյին նշանակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է Ռոզմարի ԴիԿառլոյին՝ ԱՄն-ի քաղաքացուհուն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում նշանակելու մասին, որն զբաղեցնում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ազգային կոմիտեի նախագահի պաշտոնը, ինչպես նաեւ Ելի համալսարանին առընթեր միջազգային գործերի Ջեքսոնյան ինստիտուտի ավագ գիտաշխատողի պաշտոնը,- նշվում է հաղորդագրության մեջ:- Նա այդ պաշտոնում կփոխարինի Ջեֆրի Ֆելթմանին, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թվականի մարտի 31-ին»:
Ռոզմարի ԴիԿառլոն պետական ծառայության եւ գիտական հիմնարկներում աշխատանքի 35-ամյա փորձ ունի: Նա ավելի վաղ զբաղեցրել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի ե Եվրասիայի գործերով օգնականի տեղակալի պաշտոնը, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում տնօրինել է ՄԱԿ-ի նկատմամբ քաղաքականության հարցերը, աշխատել է Ռուսաստանում եւ Նորվեգիայում ԱՄՆ-ի դեսպանություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: