Ռոքֆելլերը բացահայտել է հարուստ երեխաներ դաստիարակելու հաջողության գաղտնիքը
ԴեւիԴդ Ռոքֆելլեր-Կրտսերը՝ պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի ժառանգներից մեկը եւ Rockefeller & Co. ընկերության նախագահը, բացահայտել է հարուստ երեխաներ մեծացնելու գաղտնիքը: եւիդ Ռոքֆելլերի հարցազրույցը հրապարակել է CNBC։ Ինչպես նշում է հեռուստաալիքը:
1870 թվականին Ջոն Ռոքֆելլերի կողմից Standard Oil ընկերության հիմնադրման պահից, որը հարստացրեց նրա ընտանիքը, անցել է գրեթե 150 տարի, եւ Ռոքֆելլերի հետնորդները կարողացել են պահպանել իրենց կարողությունը: Ընտանիքի ժառանգորդներ են համարվում 170 մարդ: Forbes-ը Ռոքֆելլերների կարողությունը գնահատում է 11 մլրդ դոլար: Դեւիդ Ռոքֆելլեր-Կրտսերի խոսքով՝ դա հնարավոր է դարձել ընտանիքում մի քանի սկզբունքների պահպանման շնորհիվ:
Դրանցից առաջինը նա համարել է պարբերաբար անցկացվող ընտանեկան հանդիպումները: «Մենք ընտանեկան հանդիպումներ ենք անցկացնում տարին երկու անգամ, հաճախ ընտանիքի հարյուրից ավելի անդամներ նույն սենյակում են գտնվում՝ ներկա լինելով, ասենք, Սուրբծննդյան ընթրիքին»,-ասել է Ռոքֆելլերը: Նա նաեւ պարզաբանել է, որ ընտանիքում գոյություն ունի այսպես կոչված համաժողովների անցկացման ավանդույթ, որոնց մասնակցում են ընտանիքի՝ 21-ից բարձր տարիքի բոլոր անդամները: Հանդիպումների ընթացքում քննարկվում են կարեւոր հարցեր, այդ թվում՝ բիզնեսի ոլորտից:
Երեխաների հաջողության երկրորդ կարեւոր գործոնը Ռոքֆելլերը համարել է ընտանեկան ընկերություն կոչվող երեւույթի բացակայությունը: 1911 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը պահանջեց վերացնել նավթի մենաշնորհը՝ այն բաժանելով ավելի փոքր ֆիրմաների միջեւ: Որոշումը ոչ միայն նպաստեց Ռոքֆելլերների բարեկեցության աճին, այլեւ թույլ տվեց ընտանիքին չգժտվել բիզնեսի պատճառով: «Կարծում եմ՝ մեր բախտը բերել է, որ մենք մի բիզնես չենք ունեցել, ինչը երկպառակության տեղիք կտար ընտանիքում»,-նշել է Ռոքֆելլերը:
Դեւիդ Ռոքֆելլեր-Կրտսերի համոզմամբ՝ ընտանիքի հաջողության հանգուցային գործոնը դարձել է այն, որ երեխաներին մանկությունից բացատրում էին մարդասիրության եւ բարեսիրական գործունեության կարեւորությունը: Նա իր առաջին նվիրատվությունն արել է 10 տարեկան հասակում: Ընտանիքի բարեգործական տարբեր հիմնադրամների տրամադրության տակ, ինչպիսիք են, օրինակ, Rockefeller Foundation-ը, Rockefeller Brothers Fund-ը եւ David Rockefeller Fund-ը, ընդհանուր առմամբ կա 5 մլրդ դոլար: