Անհարմար իրավիճակ է ստեղծվել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ–ի կողմից Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելուց հետո մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Հասկանալի չէ, թե այս պահին որն է նորընտիր նախագահի ֆունկցիան եւ առհասարակ ընտրվելուց հետո մինչեւ երդմնակալությունը նա ինչով է զբաղվելու:
Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, այստեղ նույնպես անհասկանալի իրավիճակ է, քանի որ,կարծես թե դրանք այնքան էլ շատ չեն: Համենայն դեպս, մինչ այս պահը հայտարարվել է Լիտվայի, Չինաստանի Հանրապետության, Հունաստանի, Շվեյցարիայի Համադաշնության, Խորվաթիայի, Սերբիայի, Լիտվայի նախագահների շնորհավորանքների մասին:
Նորընտիր նախագահը զարմանալիորեն դեռեւս ո՛չ հարազատ Մեծ Բրիտանիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ արեւմուտքի մյուս առանցքային երկրների նախագահների կողմից շնորհավորական ուղերձներ չի ստացել:
Ու թեեւ նա համարվում է արեւմտամետ քաղաքական գործիչ, սակայն, ամենայն հավանականությամբ, եվրոպական ընտանիքի երկրները շնորհավորելուց առաջ որոշել են մի լավ ծանր ու թեթեւ անել «ընտրություն» ասվածն ու հետեւություններ անել: Չի բացառվում, որ չշնորհավորելու այլ պատճառներ էլ կան, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ թեեւ ՀՀ նախագահի ընտրությունից՝ մարտի 2-ից անցել է 10 օր, սակայն շնորհավորանքների թե՛ թիվը, թե՛ ցանկը բավական համեստ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: