Բաժիններ՝

Մարին լե Պենի հայրը քննադատել է «Ազգային ճակատի» անվանման նոր տարբերակը

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենը մարտի 12-ին քննադատել է կուսակցության անվանումը փոխելու իր դստեր՝ Մարին լե Պենի առաջարկը։ France Inter ռադիոկայանի եթերում նա «Ազգային ճակատ» անվանումից հրաժարվելու եւ կուսակցությունն «Ազգային միավորում» անվանելու գաղափարը նա որակել է «քաղաքական սպանություն»:

«Ազգային ճակատը» երկար տարիներ պայքար է մղել ինչպես Արկտիկայի սառցահատը: Դա ավելին է, քան պարզապես անվանումը, ավելին է, քան կուսակցությունը, դա հոգի է, պատմություն եւ անցյալ: Եվ այդ ամենի վրա խաչ դնելն, ինձ թվում է, աղետալի է»,-ասել է Ժ.-Մ. լե Պենը: «Ազգային ճակատի» համագումարում, որը հանգստյան օրերին տեղի է ունեցել Լիլում, կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը վերընտրվել է նախագահ: Դա դարձել է այդ պաշտոնում նրա երրորդ ժամկետը: Ելույթ ունենալով համագումարի 1,5 հազար մասնակիցների առջեւ՝ նա առաջարկել է կուսակցության նոր անվանում՝ «Ազգային միավորում»:

Նրա խոսքով՝ այդ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ անվանումը «պետք է քաղաքական ուղերձ բովանդակի»: Բացի այդ, հանդիպմանն ընդունվել է կուսակցության նոր կանոնադրությունը: Համագումարի մասնակիցները քվեարկել են Ժ.-Մ. լե Պենին «Ազգային ճակատի» պատվավոր նախագահի կարգավիճակից զրկելու օգտին: Ժ.-Մ. լե Պենը համախոհների հետ միասին «Ազգային ճակատը» հիմնել է 1972 թվականին: Նրա դուստրը՝ Մարինը, կուսակցությանն անդամագրվել է 1988 թվականին: Կուսակցության հիմնադրի կտրուկ հայտարարություններից հետո բորբոքված սկանդալի պատճառով 2015 թվականին նա բացառվել է «Ազգային ճակատից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս