Բաժիններ՝

Forbes-ը բացահայտել է Իլոն Մասքի ձեռնարկումների հաջողության գաղտնիքները

Forbes հանդեսը որոշել է պարզ ու մատչելի ձեւով պատմել միլիարդատեր Իլոն Մասքի ձեռնարկումների հաջողության գաղտնիքների մասին: Ընդամենը ընթերցողներին առաջարկվում է գործելակերպի տասը կանոն, որոնցից յուրաքանչյուրը ակնառու կերպով լուսաբանված է նկարչի կողմից։

Առաջին կանոնն ազդարարում է, որ միշտ հարկավոր է զբաղվել ինքնակրթությամբ: Չարժե ժամանակ ծախսել անբովանդակ գրքերի ընթերցման կամ սոցցանցերի վրա: Մասքը դեռահաս տարիքում հանրագիտարան էր կարդում: Բիզնեսը կազմակերպելիս չպետք է շատ փող ծախսել գովազդի վրա: Ավելի լավ է այն ծախսել ապրանքի որակի բարելավման վրա, եւ մարդիկ իրենք կփոխանցեն տեղեկատվությունը:

Բիզնեսով ավելի լավ է զբաղվել երիտասարդ տարիքում, քանի որ ռիսկերն ու հիասթափություններն ավելի հեշտությամբ են հաղթահարվում, քան հասուն տարիքում: Անհրաժեշտ է մոռանալ հոգնածություն հասկացությունը, կա միայն մոտիվացիայի բացակայություն: Նախընտրելի է ավելի երկար աշխատել, քան չօգտագործել առկա ներուժը: Մասքը երբեմն շաբաթական աշխատում է հարյուր ժամ: Խնդիրներից ու հանգամանքներից գանգատվելու փոխարեն անհրաժեշտ է զբաղվել դրանց լուծման ինովացիոն ուղիների որոնմամբ:

Գործընկերներին, հաճախորդներին եւ բոլոր նրանց, ովքեր օգնում են հաջողության հասնել, պետք է վերաբերվել ինչպես սեփական ընտանիքին: «Եթե դուք հոգ տանեք մարդկանց մասին, ապա նրանք էլ հոգ կտանեն ձեր բիզնեսի մասին»,-ասել է Մասքը: Գլխավորը, ինչպես կարծում է SpaceX-ի հիմնադիրը, սեփական երազանքների հետեւից գնալն է: Սեփական ինովացիոն գաղափարն իրագործելու համար պետք է գործի դնել բոլոր ուժերը: Ընդ որում, ավելի լավ է վաղօրոք պատրաստվել այն բանին, որ անհաջողությունը նույնպես հնարավոր է:

Ընդսմին լավագույն բիզնեսմենները ջանում են չմրցակցել միմյանց հետ, այլ ստեղծել սկզբունքորեն նոր մի բան: Չարժե վախենալ կառուցողական քննադատությունից: Հաճախ այն ավելի ճիշտ որոշումների աղբյուր է դառնում: Եվ գլխավորը, ինչպես պնդում է Մասքը, հարկավոր է բոլոր գործերով զբաղվել հանուն ավելի լավի:

Չարժե հենց սկզբից փորձել փոխել աշխարհը ինչ-որ լավ բան անելու համար: Ավելի լավ է պարզապես ինչ-որ օգտակար բան անել, թող որ՝ բնավ ոչ մասշտաբային: Փետրվարի վերջին հայտնի են դարձել Իլոն Մասքի կենսակերպի կանոնները: Ձեռնարկատերը շատ է աշխատում եւ որեւէ գործողության վրա հինգ րոպեից ավելի չի ծախսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս