Մոսի պապն ու Աղքյորփիի փոքրիկ ժամը. մանրապատում
Աղքյորփի գյուղի հայկական եկեղեցու բակում փետրվարի 28-ին եկեղեցու հիմնադիր Մոսի Աթաբեկյանի հիշատակը հավերժացնող հարթաքանդակ է տեղադրվել: Այս մասին գրում է aliq.ge կայքը:
Հարթաքանդակի գաղափարը կյանքի է կոչվել Մոսի պապի ազգակիցներից Ռոլանդ Աթաբեկյանի հովանավորությամբ:
Մոսի պապն ապրել է 19-րդ դարի կեսերին, եղել է գյուղի հայտնի որսորդներից, ում անվան հետ բազմաթիվ պատմություններ են կապվում։
Ասում են, թե պապի ընկերներից մեկի աղջիկը մի տղայի հետ փախել է։ Մոսի պապին չի հաջողվել ընկերոջը համոզել, որ հանգիստ թողնի երիտասարդներին ու օրհնի նրանց միությունը և նրանք գնացել են երիտասարդներին փնտրելու։
«Օգտագործելով որսորդական հմտությունները՝ Մոսի պապն իր թուրք ընկերոջ հետ Գյուլմամադի գետի մոտ բռնել են նրանց: Պապն իր զենքը տվել է ընկերոջը, թե «դե սպանի», քանի որ նախօրոք պլանավորել էին գտնել և սպանել նրանց: Վիճելուց հետո, թե ով պետք է կրակի, թուրք ընկերը Մոսի պապին համոզել է, և երեք անգամ հարցնելուց հետո՝ «կրակեմ, թե՞ չէ», դրական պատասխան ստանալով՝ կրակել է:
Ընկերոջ աղջիկն անիծել է Մոսի պապին. «Որ աչքով, որ նշան ես բռնել՝ աչքդ քոռանա, անզավակ մնաս»,-պատմում են գյուղի մեծերն ու հավելում, որ աղջկա անեծքը տեղ է հասել: Մեծերն ասում են, թե օրերից մի օր որսի ժամանակ Մոսի պապի մի աչքը վնասվել, մյուսը` կուրացել է: Եվ ինչպես անիծել էր թուրք աղջիկը՝ Մոսի պապին անզավակ է մնացել:
«Տարիներ անց Մոսի պապը գնում է Շուլավեր` (ներկայում Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Շահումյան գյուղ) այն ժամանակվա շրջկենտրոն: Զրույցի մեջ նրա ընկերը խորհուրդ է տալիս ունեցած տարածքը ցանկապատել ու աղոթքի միջոցով անեծքը հանել: Մոսի պապը լսում է ընկերոջ խորհուրդ ու իր ունեցած տարածքի մի ծայրում ժամ է կառուցում (Աղքյորփի գյուղի այսօրվա հայկական եկեղեցին), մյուս մասը հատկացնում է գյուղի համար կրթարան կառուցելու նպատակով», – պատմում են աղքյորփեցիները: