Ֆրանսիայի մշակույթի նախարարը հավանություն է տվել «Մոնա Լիզան» Լուվրից այլ թանգարաններ տեղափոխելու գաղափարին
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը մարտի 1-ին հայտարարել է, որ պաշտպանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Մոնա Լիզա» կտավը Լուվրից ժամանակավորապես դուրս բերելու գաղափարը, որպեսզի այն ցուցադրվի այլ թանգարաններում։
«Ես այսօր հանդիպում եմ Լուվրի տնօրենի հետ, եւ մենք այդ մասին (կտավի տեղափոխման հնարավորության) խոսելու ենք»,- ասել է Նիսենն «Էրոպ-1» ռադիոկայանի եթերում: «Մենք լրջորեն կուսումնասիրենք այդ հարցը: Նկարն ինչո՞ւ պետք է գտնվի նույն տեղում, այլ ոչ թե բոլորին հասանելի լինի տարբեր վայրերում»,-հավելել է նա: Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Լեոնարդո դա Վինչի հայտնի կտավի ժամանակավոր տեղավորման հնարավոր թեկնածու-թանգարաններից մեկը կարող է դառնալ Լուվր-Լանս թանգարանը, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսի Պա դե Կալե դեպարտամենտում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: