Հայկական gg-ն մուտք է գործում ռուսական շուկա

Հայկական gg մոբայլ հավելվածը մարտի 14-ից մուտք է գործում ռուսական շուկա: gg մոբայլ հավելվածը ներկայացնում է Gglaboratories-ը:

gg-ն հարթակ է, որի միջոցով կարելի է տեղաշարժվել Հայաստանի, ինչպես նաև՝ Վրաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև, ավտոմեքենա ունենալու պարագայում, կարելի է գումար վաստակել: gg-ն պարբերաբար հանդես է գալիս նորություններով: Պարբերաբար ավելանում է ընկերության կողմից սպասարկվող քաղաքների թիվը, ինչպես նաև ավելանում են նոր ծառայությունները:

Ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը նշում է, որ ամեն ընկերության կյանքում լինում են վճռական պահեր, երբ պետք է լարել բոլոր ուժերը և հասնել բաղձալի նպատակին։ Իրենց ընկերությունում նման պահերը շատ են եղել:

«Այդպիսի մի պահ է հասունացել։ Մենք դարձանք առաջատար մեր երկրում, մեր Երևանը մեկ միլիոնանոց քաղաք է։ Ժամանակն է բարձրացնել նշաձողը։ Այս անգամ մենք պետք է զարմացնենք 20 միլիոնանոց Մոսկվային»,- նշում են ընկերությունում:

Ըստ Խաչատուր Գրիգորյանի՝ խնդիրն իրոք դժվար է և հետաքրքիր։ «Դժվար խնդիրներ լուծելն է իմաստավորում մեր կյանքը։ Միասին, առանց մեծ արտաքին ներդրումների՝ մենք դուրս ենք գալիս մեծ շուկաներ։ Այստեղ հաղթելը շատ բան կփոխի մեր երկրում։
Հայկական ընկերությունների հաղթանակները մեր տնտեսության հաղթանակներն են, այսպիսի հաղթանակներն են, որ առաջ են տանելու մեր երկիրը, և մի օր այն կդարձնեն առաջատար տեխնոլոգիական երկիր։

Հայ ազգի և մեր երկրի անունը բարձր պետք է պահեն ոչ միայն նշանավոր մարզիկները և արվեստագետները, այլ առաջին հերթին՝ մեր ընկերությունները, որոնց հաջողությունն իրոք բան է փոխելու մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»,- նշում է Խաչատուր Գրիգորյանը:

Մոսկվայում աշխատելու են ggTruck և ggEvacuator պրուդուկտները: ggTruck-ի մեքենաների միջոցով հնարավոր է տեղափոխել կահույք, տեխնիկա և ցանկացած այլ բան, որը չի տեղավորվի սովորական ավտոմեքենաներում: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բեռնատար մեքենաները հարմար կլինեն թե՛ անհատների, և թե՛ ձեռնարկությունների համար:

Նշենք նաև, որ gg հայկական ընկերությունը 2016-ից գործում է նաև Վրաստանում:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս