Բաժիններ՝

«Միքայել Հարությունյանը պետք է կանչվի և հարցաքննվի». Անդրանիկ Քոչարյան

«Իմ ելույթն ուզում եմ սկսել պարոն Կոստանյանի այն գնահատականից, որ ինքը Մարտի 1-ի դեպքերից 5 տարի հետո էր դարձել Գլխավոր դատախազ, և հետագա բացահայտումներն ավելի դժվար էին լինելու, որովհետև այդ 5 տարվա ընթացքում մարդիկ բացակայել են»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին  հայտարարեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

Նա ասաց, որ համաձայն է, որ մարդիկ այս տարիների ընթացքում բացակայել են երկրից, գուցե բավականին նյութեր հնացած են, բայց, ըստ նրա, դրանից չի բխում, որ նախորդ 5 տարվա ընթացքում չարված աշխատանքը պետք է չարժանանա գնահատականի:

«Մարտի 1-ից առաջ միշտ Մարտի 1-ի թեման քննարկվել է, բայց դրանից հետո, որպես կանոն, այդ թեման նորից մոռացվել է»,- նկատեց Ա. Քոչարյանը:

Նա նկատեց, որ Փաստահավաք խումբը կաշկանդված չէր որևէ պաշտոնյայի հարցաքննության կանչելու, ուներ միջազգային մանդատ: Նա պատմեց, որ իրենց գործունեության սկզբում իրենք հիմնականում սկսեցին կենտրոնանալ մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցի վրա.

«Երբ Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներն ի սկզբանե ներկայացվում էր, հանրությանը ներկայացվում էր մի իրավիճակ, երբ  դրանից հետո Համլետ Թադևոսյանին առնվազն պետք է շնորհեին ազգային հերոսի կոչում: Բայց երբ Փաստահավաք խումբն ուսումնասիրեց  այդ իրողությունները, հասկացանք, որ այստեղ պայթյունի առկայությունը, որ ներկայացնում են՝ որպես F1 նռնակի պայթյուն՝ նետված ցուցարարների կողմից, պարզապես անհիմն է,  և այդպիսի ապացույցներ նախաքննական մարմինը պարզապես չուներ:

F1 նռնակը եթե նման խտության վայրում նետած լինեին, պատկերացրեք՝ զոհերի քանակն ինչքան կլիներ: Մեզ զարմացրեց այն հանգամանքը, երբ Համլետ Թադևոսյանի մարմնի մեջ մենք չհայտաբերեցինք այդ նռնակից ոչ մի բեկոր:

Դա մեզ համար շատ զարմանալի էր, մեզ համար շատ կասկածելի  էր նաև, թե ինչու են բոլոր զինվորները վիրավորումը ստացել ոտքի հատվածում հետևի կողմից: Այնպիսի տպավորություն էր, որ զինվորները մեջքով են կանգնած եղել ցուցարարներին: Այդ զեկույցի վրա Փաստահավաք խումբը շատ աշխատեց, եղան բազմաթիվ վեճեր, բայց դրանք քաղաքական չեն եղել, ինչպես փորձում են ներկայացնել, նման բան Փաստահավաք խմբում երբեք չի եղել, մենք աշխատում էինք փակ ռեժիմով, մենք ունեցել ենք վեճեր, բայց դրանք ի նպաստ գործի են եղել»,- նշեց Ա. Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սա լավ առիթ է, որ թե՛ ԱԺ-ն, թե՛ համապատասխան նախաքննական մարմինը, որը դեռ չի կասեցրել այս գործի քննությունը, հասկանան, որ այս գործի բացահայտումները կենսական անհրաժեշտություն են մեր պետականության  համար.

«Դրանց հնարավորություններն այսօր էլ կան: Եթե մահվան հետ կապված կրակողներին  չհաջողվի բացահայտել, բայց կան մարդիկ, որոնց հրամանների  առկայությունն ապացուցելու կարիք չի զգում: Ուզում եմ անդրադառնալ Ազգային անվտանգության նախարարության կողմից Ոստիկանությանն ուղարկված այն գործակալական հաղորդագրությանը, որը հիմք հանդիսացավ մարտի 1-ին ուժային գործողություններ իրականացնելու համար: Ուժային գործողություններ իրականացրեցին մի շարք ստորաբաժանումներ:

Փաստահավաք խումբն ուներ տեղեկություն, որ առավոտյան հիմնական կառավարման գործողությունները հրամանների տեսքով իրականացրել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսովը»:

Ըստ Ա. Քոչարյանի՝ ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը պետք է կանչվի և հարցաքննվի. «Փաստահավաք խումբը նրան կանչեց և հարցաքննեց, ու նա տվեց շատ լավ բացատրություններ: Միքայել Հարությունյանն ասաց, որ բանակը չի մասնակցել, բայց բանակի տրանսպորտային միջոցներն են մասնակցել, բայց երբ մենք ապացուցեցինք, որ տրանսպորտային միջոցների մեջ չկային Ոստիկանության զինծառայողներ, այլ կային բանակային զինվորներ, այդ խնդիրը մնաց առկախ վիճակում: Կարծում եմ՝ սա է լինելու այն հիմնական մեխը նախաքննական մարմնի համար, որպեսզի բացահայտեն, թե ի՞նչն էր պատճառը, որ զինված ուժերը, Հայաստանի ներսում չունենալով որևէ թշնամի, բերվեցին Հայաստանի սահմաններից ներս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս