Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը:
Ներկայացված նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցանկություն են հայտնում իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ փոխարինել տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, պետք է փոխադրումներում ներգրավեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տարեթվից հաշվարկված մինչեւ 6 տարեկան տրանսպորտային միջոցներ: 4-րդ հոդվածի 1-ին կետով էլ 2022 թվականի հունվարի 1–ից արտադրության տարեթվից հաշվարկված 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների շահագործումը տաքսամոտորային փոխադրումներում արգելվում է:
«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը նախագծում առկա փոփոխությունները մի կողմից ընդունելի է համարում, մյուս կողմից էլ՝ խնդրահարույց:
Հրանտ Եղիազարյանը «Փաստ»-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ առաջինը պետք է մտածել ուղեւորի անվտանգության մասին:
«Վեց տարեկան արտասահմանյան արտադրության մեքենաները բավականին ամուր են եւ կարող են շահագործվել, բայց օրենքի նախաձեռնողը պետք է ապահովի նաեւ ուղեւորի անվտանգությունը: Կային օրենքներ, որոնք ժամանակին զրոյացվեցին, բայց նման բան չէր կարելի անել, որովհետեւ դրանով մենք խաչ քաշեցինք տաքսամոտորային փոխադրումներով զբաղվող թե՛ վարորդների եւ թե՛ ուղեւորների անվտանգության վրա:
Այսինքն՝ այդ օրենքները զրոյացնելու արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ամեն մարդ կարող է գնալ, լիցենզիա ստանալու համար վճարում կատարել եւ դառնալ տաքսիստ: Բայց այդպես չի լինում: Խոսում ենք ցիվիլ լինելու, եվրոպական ոճի ու փորձի մասին, բայց մենք այդ ամենի հետ ոչ մի կապ չունենք, իսկ տաքսիների մասին օրենքը «պլենդուսից» ցածր է»,- նշեց «Փոխադրողների միության» նախագահը:
Հրանտ Եղիազարյանը շեշտեց, որ եթե հիմա փորձում են կանոնակարգել ոլորտը, օրենքի նախագծում մեկ այլ կետ էլ պետք է լինի. «Այն է՝ վեց տարեկանից մեծ ավտոմեքենաները տեխնիկապես բավարար լինելու պարագայում առանձին դեպքերում կարող են ներգրավվել այդ աշխատանքներում: Այս դեպքում ամեն ինչն իր տեղը կընկնի: Իհարկե, այն պայմանով, որ եթե 6 տարեկան մեքենաները տարեկան մեկ անգամ են ստուգատես անցնում, այդ մեքենաները պետք է տարեկան երկու անգամ տեխստուգատես անցնեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: