Գյումրու սոցիալապես անապահով 150 ընտանիքի 10 000-ական դրամ է հատկացվելու
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը հայտարարեց, որ կատարվել է հողահարկի և գույքահարկի բազաների ճշտում, որի արդյունքում գույքահարկն ավելացել է:
«Հողի հարկը 47 միլիոն 877 հազար դրամի չափով է պլանավորված եղել, բազաների շտկումից հետո ավելացել է 78 և 6000 դրամով, և կազմել է 47 միլիոն 949-ն ու 3000 դրամ: Տարեվերջյան հաշվարկով՝ մեր բյուջեի ազատ միջոցները կազմում է 124 միլիոն 747. 9 հազար դրամ: Այս միջոցների հաշվին մենք հիմնականում պետք է կատարենք կոմունալ ծախսեր: 91 միլիոն 770 հազար դրամը համարվում է մեր ազատ միջոցը, և այն կարող ենք տնօրինել՝ համաձայն բյուջետային համակարգի մասին օրենքի: Մենք ամեն տարեվերջ ունեցել ենք ազատ միջոցներ, որոնք ուղղորդվել են մեր պարտքերի մարմանը՝ ձերբազատվելով պարտքերից: Այսօր մեր տնտեսած գումարն արդեն կարող ենք բաշխել: Առաջին ծախսը, որը նախատեսել ենք, դա բնակարանների ձեռքբերմանն է վերաբերում՝ 55 մլն դրամ:
7 միլիոն դրամ հատկացվելու է մանկապարտեզների զեղչերին: Սպորտդպրոցների վերանորոգման համար՝ 6 մլն 500 դրամ, 10 մլն դրամ՝ համատիրությունների համար՝ գումարն ուղղորդվելու է վթարային շենքերի հիմնանորոգմանը: Եկեղեցու հետնամասի բարեկարգման համար 2 մլն դրամ է հատկացվելու: Նստարանների, ծաղկամանների, աղբամանների տեղադրման համար՝ 10 մլն դրամ, 3 մլն դրամի սահմաններում հուշարձան է տեղադրվելու Քըրք Քըրքորյանի փողոցում»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Լենա Ջիլավյանը:
Ըստ նրա՝ «Մանկապատանեկան արվեստի» պալատի հին գույքն այլևս օգտագործման համար պիտանի չէ և գտնվում է բարձիթողի վիճակում, ուստի Գյումրու ավագանին կողմ քվեարկեց «Մանկապատանեկան արվեստի պալատի» հին գույքի դուրսգրմանը:
Լ.Ջիլավյանի խոսքով՝ աննախադեպ քննադատություն է հնչում քաղաքապետարանի իրականացված նախագծերի հանդեպ:
«Վերջերս տնակների փայտի գումարները, որ բաժանում էինք, հոդված գրվեց այն մասին, որ նույն հասցեի մի քանի բնակչի 15000-ական դրամ գումար ենք տվել»,-ասաց Լ.Ջիլավյանը՝ ավելացնելով, որ այդ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:
Գյումրու ավագանու նիստի ժամանակ հայտարարվեց, որ Գումրու սոցիալապես անապահով 150 ընտանիքի 10 000-ական դրամ է հատկացվելու, 1 միլիոն 500 հազար դրամ սոցիալապես անապահով խավին է բաժանվելու:
Գյումրու ավագանին որոշեց Ֆորալբերգի փողոց N 2 հասցեի հողամասը «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը տրամադրել՝ անհատույց օգտագործման համար:
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հայտարարեց, որ այդ հողամասն ազատ է կառուցապատումից, գտնվում է քաղաքի ծայրամասում, և «Հայկական Կարիտասը» դիմել է քաղաքապետարանին՝ այդ տարածքում մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով:
Գյումրու ավագանու օրակարգի 15-րդ հարցը վերաբերում էր ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Ղարսի խճուղի N 2/7 հասցեի հողամասի նկատմամբ ՀՀ պաշտպանության նախարարության օգտագործման իրավունքը դադարեցնելու և հողամասն օգտագործումից հետ վերցնելուն:
Հ.Գասպարյանն հայտարարեց, որ մեր քաղաքում կան տարածքներ, որոնք ժամանակին զինվորականների կողմից են օգտագործվել, սակայն հիմա չեն օգտագործվում:
«Մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք այդ հողամասերը ետ վերցնել: Մի քանի հողամաս կանգնած են հերթի, սպասում է կառավարության որոշմանը, սակայն այն հողամասերը, որոնք մեր սեփականությունն են, մենք դադարեցնելու ենք դրանց հողօգտագործման պայմանագրերը և վերադարձնելու ենք մեր համայնքի բյուջե»,- ասաց Հ.Գասպարյանը:
Լուսավորության համակարգի հետ կապված՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ մենք ՎԶԵԲ-ի ծրագրով լուսավորելու ենք ամբողջ քաղաքը:
«11 500 նոր լուսակետեր ենք ունենալու քաղաքում, 100 500-ը նոր հենասյուներն են լինելու: Ծրագիրը 3 տարվա ընթացքում է իրականացվելու»,- ասաց Գյումրու քաղաքապետը:
Ավագանու նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքապետարանում գործող արխիվին:
Ըստ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանի՝ այդ արխիվի սեփականության իրավունքն իրենք փոխանցել են Հայաստանի Հանրապետությանը:
«Հիմա հերթական քայլն ենք անում՝ մեր արխիվում առկա 2008-2012 թվականները ներառյալ՝ արխիվային փաստաթղթերը, որոնք թելակարված են և կնքված, մենք հանձնելու ենք պետական սեփականության՝ մշտական պահպանության համար»,- ասաց Ռ.Ասատրյանը:
Քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ այս որոշումը պայմանավորված է իրականացված օրենսդրական փոփոխությամբ:
Հավելենք, որ ավագանու նիստի ընթացքում ընդգրկված օրակարգային հարցերից էր նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Անուշավանի Ասատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն համաձայնություն տալը, Գյումրի համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող թվով 3 խորհրդակցական մարմինների կազմերը հաստատելու մասին հարցերը:
Անահիտ Սիմոնյան