«Մինչև 2022թ. Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության». Լևոն Մկրտչյան
Ներառական կրթության համակարգը 2018 թվականին կներդրվի Արմավիրի մարզում։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչև 2022թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության։
Ներկայումս ՀՀ մարզերից ներառական կրթություն իրականացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։
«Ներառական կրթության ոլորտում իսկապես շատ մեծ հիմնախնդիրներ կան կուտակված, սակայն մենք պետք է բարելավենք այն և մինչև 2022 թվականը համատարած անցում կատարենք ներառական կրթության։ 2017 թվականին 4 հատուկ դպրոց վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ինչպես նաև հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա»,- ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով՝ ոլորտում մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել՝ դպրոցներում սկսել է աշխատել ուսուցչի օգնականի հաստիքը։
«Թվով 8300 հատուկ կարիքներով երեխայի կրթության կազմակերպմանն աջակցելու նպատակով աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական»,- ասաց Լևոն Մկրտչյանը։
Հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ չի թույլատրվելու իրականացնել բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագիր։
«Յուրաքանչյուր աշակերտի համար ֆինանսավորումը բազմապատիկ բարձր է, և մենք պետք է թույլ չտանք, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների անվան տակ այլ ծրագրեր իրականացվեն։ Հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ հաշմանդամություն չունեցող սոցիալապես այլ հատվածի երեխաների ներգրավում»,- շեշտեց ՀՀ ԿԳ նախարարը և ասաց, որ իրենք համալիր ուսումնասիրություն են իրականացվում հատուկ հաստատություններում՝ վիճակի մասին տեղեկանալու նպատակով։