Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պսակադրությունից հետո կառքով կշրջեն Վինձորում
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլը, մայիսի 19-ին, իրենց պսակադրության արարողությունից անմիջապես հետո, կառքով հանդիսավոր պտույտ կգործեն Վինձոր փոքր քաղաքում, որտեղ գտնվում է թագավորական դղյակը:
Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հարսանեկան զբոսանքի օղակաձեւ երթուղին Վինձորյան դղյակից կձգվի քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներով, որտեղ նորապսակներին կկարողանան ողջունել տեղի բազմահազար բնակիչներն եւ զբոսաշրջիկները: Այնուհետեւ կառքը դուրս կգա Վինձորյան զբոսայգու Լոնգ-ուոք գլխավոր ծառուղի եւ արդեն դրանով կվերադառնա դղյակ:
«Նրանք (Հարրին եւ Մեգանը) հուսով են, որ այդ ոչ երկար ճանապարհորդությունը մարդկանց մեծ մասին հնարավորություն կընձեռի՝ հավաքվել Վինձորում եւ հաճույք ստանալ այդ հատուկ օրվա մթնոլորտից»,-տեղեկացրել են Քենսինգթոնյան պալատում:
Արքայազնի ներկայացուցիչները նաեւ հայտնել են հարսանեկան արարողության մի շարք մանրամասներ, որը կայանալու է դղյակի տարածքում գտնվող Սբ.Գեորգիի մատուռում: Պսակադրության կարգը կատարելու է Անգլիայի եկեղեցու (դրա պաշտոնական ղեկավարը թագուհին Է) հոգեւոր ղեկավար, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին: Ընդ որում նա միայն անմիջականորեն կամուսնացնի ապագա ամուսիններին, իսկ մատուռում բուն արարողությունը, որի շրջանակներում էլ կայանալու է պսակադրությունը, կանցկացնի այդ տաճարի վանահայր Դեւիդ Քառները:
Արարողությունը կսկսվի բրիտանական ժամանակով կեսօրին (Երեւանի ժամանակով 16:00-ին): Դրան ներկա կլինի ողջ թագավորական ընտանիքը՝ միապետի գլխավորությամբ, Մեգանի ծնողները՝ Թոմաս Մարքլը եւ Դորիա Ռեգլենդը, ինչպես նաեւ հրավիրված անձինք: Իսկ Հարրիի զարմիկների՝ նրա ավագ եղբոր՝ Ուիլյամի փոքրիկների՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոտի վրա, ամենայն հավանականությամբ, կդրվեն պաժ-տղայի եւ հարսի ընկերուհու գործառույթները: Հարսանիքի օրը նախատեսված է երկու հանդիսավոր ընդունելություն:
Դրանցից առաջինը տեղի կունենա Սուրբ Գեորգիի մատուռում պսակադրության արարողությունից անմիջապես հետո, որը թագավորական ընտանիքը համարում է իր տան եկեղեցին: Այդ ընդունելության սկսվելուց քիչ հետո Հարրին եւ Մեգանը ժամանակավորապես կթողնեն դրա մասնակիցներին՝ կատարելու արդեն հիշատակված զբոսանքը Վինձորի փողոցներով, իսկ դրա ավարտվելուց հետո կրկին կմիանան հյուրերին: Իսկ երկրորդ ընդունելությունն ավելի ուշ կկայանա Վինձորյան դղյակում եւ նորապսակների ու նրանց մերձավոր ընկերների համար կկազմակերպվի Հարրիի հոր՝ Մեծ Բրիտանիայի ուղղակի գահաժառանգ արքայազն Չառլզի անունից:
Հարսանիքի, այդ թվում նաեւ եկեղեցական արարության, երաժիշտներ հրավիրելու, ծաղկային ձեւավորման եւ ընդունելությունների համար ծախսերը թագավորական ընտանիքը կվճարի սեփական բյուջեից: Հարսանյաց հանդեսը ընթացքում անվտանգության ապահովման ծախսերը կընկնեն հարկատուների ուսերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: