Հայկական «Վօլօ» ընկերությունը սկսել է հակագործակցել Սիլիկոնային հովտում գործող FLYR-ի հետ
Սիլիկոնային հովտում գործող FLYR ընկերությունը, որը մեքենայական ուսուցման միջոցով զբաղվում է ավիաընկերությունների գնային համակարգերի ստեղծմամբ և մշակմամբ, սկսել է համագործակցել հայկական «Վօլօ» ընկերության հետ: Վերջինս ծրագրային ապահովման գլոբալ նորարարական բուտիկ է, որը գրասենյակներ ունի Հայաստանում և Ուկրաինայում:
«Վօլօ»-ն զուգահեռաբար կաշխատի FLYR-ի՝ Սան Ֆրանցիսկոյի թիմի հետ: Հայկական ընկերությունն ընտրել է բարձրակարգ ինժեներների թիմ, որը հիմնականում կենտրոնացած է վեբ-ծառայությունների և տվյալների ենթակառուցվածքների կառուցման վրա: Հայկական ընկերությունը կօգնի FLYR-ին համախմբել և կառավարել ավիաընկերությունների տվյալների լայնածավալ հոսքերը՝ պետաբայթերով:
FLYR-ի համահիմնադիր և գլխավոր մասնագետ Ալեքս Մանսը նշում է, որ իրենք գտել են գործընկեր, որը կօգնի արագացնել ինժեներական թիմի աճը: Ըստ Մանսի՝ իրենք տպավորված են հայկական ընկերության որակով:
«Վօլօ»-ի տնօրեն Արմեն Քոչարյանը նշել է, որ FLYR-ի Սիլիկոնային հովտի ամենատպավորիչ ստարտափներից է: Արմեն Քոչարյանի խոսքով՝ FLYR-ը կարող է միայնակ վերաիմաստավորել այն ուղին, որով աշխատում են միջազգային ավիաընկերությունները, և իրենք հպարտ են, որ կարող են համագործակցել FLYR-ի հետ այդ ճանապարհին:
Հիշեցնենք, որ «Վօլօ»-ն իր գործունեությունը սկսել է 12 տարի առաջ՝ 2006 թվականին, Երևանում: Ընկերությունը Մայքրոսոֆթի «Արծաթե» գործընկեր է:
«Մենք հանձն ենք առնում իսկապես բարդ նախագծերի իրականացումը և նորարարական մոտեցումներ ենք ցուցաբերում, ինչը չեն անում շատերը։ Մենք մեր ընկերությունը կառուցել ենք փայլուն մտքի կրողների շնորհիվ, ովքեր հանդիսանում են համաշխարհային մակարդակի ծրագրավորողներ»,- նշում են «Վօլօ»-ում:
«Վօլօ»-ն ունի աշխատանքի հստակ գաղափարախոսություն: Ընկերությունը չի առաջարկում իր սպառողներին ամեն հնարավորը, այլ մասնագիտացել է մի քանի կոնկրետ ոլորտներում, ինչը տալիս է հնարավորություն՝ ստեղծել ավելի մեծ տարածք նորարարությունների համար:
Հայկական ընկերության սպառողները միայն Հայաստանից չեն. Ընկերությունը շատ պատվերներ ունի նաև արտասահմանից: Ընկերության տեղական պատվիրատուների թվին են պատկանում բազմաթիվ առևտրային ընկերություններ, ֆինանսական հաստատություններ, Հայաստանի խոշոր հեռահաղորդակցության օպերատորներ և տեղական կառավարման մարմիններ:
Սիրարփի Աղաբաբյան