Կորեայի Հանրապետության նախագահը կհանդիպի ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակության հետ
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 10-ին հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակության հետ, որը կժամանի Փհենչհան՝ մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Այդ մասին հայտնել է Yonhap News գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական պետության ղեկավարի վարչակազմը: «Նախագահ Մունը պլանավորում է ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ հանդիպում անցկացնել եւ պաշտոնական նախաճաշ կազմակերպել փետրվարի 10-ին»,-հայտարարել է վարչակազմի ներկայացուցիչը:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերին կժամանի փետրվարի 9-ին: Այդ մասին փետրվարի 7-ին տեղեկացրել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը: Նրա կազմում կընգրկվի ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որն զբաղեցնում է Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: