Ինչ կապ ունի ՔԿ պաշտոնյան ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը: Մեր տեղեկություններով վերջինիս ձերբակալումը կապ ունի ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործի հետ, քանի որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ։ Իրադարձությունների նման ընթացքը կանխորոշվեց նույն օրը, երբ Թաթուլ Շուշանյանը Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Այստեղ խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել եւ, ըստ էության, արդարադատությանն է հանձնել մի մարդու, ում տարեվերջին պարգեւատրել է «Հավատարմության համար» մեդալով` պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

Սակայն այսքանով այս պատմությունը չի ավարտվում, որովհետեւ կրիմինալի վիրուսը խժռում է ոչ միայն Քննչական կոմիտեն կամ նրա մարզային կառույցը, այլ` ամբողջ պետական համակարգը:

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն ու նրա ենթակաները գործել են Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի հորդորով, ով ոչ միայն Ալավերդցի Վահագի` Քննչականի պետին փոխանցված կաշառքի, այլ նաեւ` նրա բանդայի եւ տարիներ շարունակ գործած որոշ հանցագործությունների«քավորն» է:

Դժվար է ասել, թե մինչեւ ուր կհասնի ՀՔԾ-ում հարուցված քրգործի հետքերը, արդյո՞ք իշխանությունները թույլ կտան, որպեսզի արդարադատության ձեռքերը հասնեն Նալբանդյանին կամ գոնե պաշտոնանկ կարվի՞ մարզպետը, թե՞ հերթական անգամ գործը կսահմանափակվի «մանր ձկներով»:

Տեղի ունեցածի մեջ ամենամտահոգիչը պետության եւ կրիմինալի վտանգավոր սերտաճման հերթական դրսեւորումն է: Հայաստանում այլեւս սահման գոյություն չունի իշխանության եւ կրիմինալի միջեւ եւ պատահական չէ, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները մտածում են նույնիսկ պաշտոններ, պետական կարգավիճակներ ու արտոնություններ ունենալու մասին: Ու բանը հասել է այնտեղ, պետությունն այնքան է նվաստացել, որ իշխանությունն ինքն է շատ հարցերի համար դիմում հանցագործ աշխարհի օգնությանը` դրա դիմաց «ինդուլգենցիաներ» շնորհելով, այսպես կոչված, «լավ տղերքին»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս