Մարմնավաճառներին անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել
Շիրակի մարզի դատախազությունում 2017 թվականին կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 45 նյութ, որոնցից 30-ով քրեական գործ է հարուցվել, որից 12 քրեական գործ հարուցվել է դատախազների կողմից, մնացած քրեական գործերը հարուցվել են հետաքննական և նախաքննական մարմինների կողմից: Թվով 5 անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան:
«2017 թվականին արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործություններից է
բժշկական քոլեջի աշխատակցի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքը, որը վերաբերում է խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն: Նշված քրեական գործով մեղադրյալը կալանքի տակ է գտնվում:
Մյուսը «Ֆինքա» վարկային կազմակերպության աշխատակիցների կողմից համապատասխան չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ է: «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահման կապակցությամբ է: Գյումրու մշակույթի վարչական ՊՈԱԿ-ի պաշտոնական անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու վերաբերյալ, «Ախուրյան Զանգ» ՓԲԸ»-ի աշխատակցի կողմից յուրացման եղանակով խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ է և «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարված յուրացման դեպքերի մասին է խոսքը, որոնց վերաբերյալ քրեական գործերն ուղարկել ենք դատարան»,- այսօր Շիրակի մարզի դատախազությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Շիրակի մարզի դատախազը մանրամասնեց, որ Գյումրու կադաստրի աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ևս կոռուպցիոն բնույթի քրեական գործ ունեն հարուցված:
«Գյումրու կադաստրի աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու մասին է խոսքը: Այդ դեպքով է քրեական գործ հարուցվել: Նշված փաստն արձանագրվել է 2008 թվականին, սակայն անձը հաղորդում է տվել 2017 թվականին: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ տարածքի չափագրումը սխալ է կատարվել: Իմ կողմից քննիչին նաև ցուցում է տրվել համապատասխան քննչական գործողությունները կատարելուց հետո համապատասխան որոշում կայացնել: Քրեական գործի շրջանակներում գնահատական կտրվի նաև մի շարք անձանց արարքներին: Նաև ես նախապատրաստվում եմ վերադասին գրել միջնորդագիր՝ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու համար»:
Գյումրու գիշերային ակումբների վերաբերյալ Շիրակի մարզի դատախազը նշեց, որ նախորդ տարիներին՝ սկսած 2015 թվականից, Գյումրի քաղաքի ժամանցային կենտրոններում մի շարք դեպքեր են արձանագրվել՝ ժամը 24:00-ից հետո:
«Այդ հաստատություննները նշված ժամին օրենքով գործունեություն ծավալելու իրավունք չունեն: Իմ կողմից համապատասխան գրություն էր ուղարկվել Գյումրու քաղաքապետին՝ միջոցներ ձեռնարկել նշված հաստատությունների ղեկավարներին վարչական պատասխանատվության և ներգործության միջոցներ կիրառելու համար»:
Ինչ վերաբերում է արձանագրված մարմնավաճառության դեպքերին, ապա Կ. Գաբրիելյանի խոսքով, գործող քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս մարմնավաճառներին ենթարկել քրեական պատասխանատվության: Եթե անձինք տեսնում են, որ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ապա իրենց գործունեությունը շարունակում են ծավալել»:
Ըստ Շիրակի մարզի դատախազի՝ այժմ մարմնավաճառները միայն վարչական պատասխանատվության են ենթարկվում:
«Բայց ես անձամբ դարձյալ զեկուցագիր եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քննարկվի մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասում է Կ.Գաբրիելյանը:
Նա անդրադարձ կատարեց նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին:
«Պետական շահերի պաշտպանության ոլորտում անցած տարի 149 ուսումնասիրություններ են իրականացվել, որոնցով հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ: 119 անձանց կողմից կամովին վերականգնվել է 25 միլիոն դրամից ավելի գումար: Պետական շահերի պաշտպանության 4 հայտ է ներկայացվել»:
Կ.Գաբրիելյանը որևէ էական փաստ չարձանագրեց Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ գործի քննությունը դեռ շարունակվում է:
«Եթե հանցակազմ լիներ, մենք գործին համապատասխան ընթացք կտայինք»,- ասաց պաշտոնյան:
Անահիտ Սիմոնյան