Բաժիններ՝

Կորսիկացի պատգամավորները հրաժարվել են ճաշել Մակրոնի հետ

Կորսիկացի ազգայնական պատգամավորները, որոնք ընտրություններում ապահովել են ընտրողների մեծամասնության աջակցությունը, որոշել են բոյկոտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 7-ին պլանավորված ճաշկերույթը։

Մակրոնը փետրվարի 6-ին Կորսիկա է ժամանել նախագահի պաշտոնում իր ընտրվելուց հետո առաջին անգամ: Նույն օրվա երեկոյան նա հանդիպում է ունեցել «Հանուն Կորսիկայի» ազգայնական կուսակցության առաջնորդ եւ կղզու գործադիր խորհրդի նախագահ Ժիլ Սիմեոնիի եւ Կորսիկայի Վեհաժողովի խոսնակ Ժան-Գի Տալամոնիի հետ:

Այդ հանդիպումից հետո կորսիկացիները հայտարարել են, որ նախագահը փակում է երկխոսության դուռը: Նախագահի փետրվարի 7-ի գրաֆիկը ճաշկերույթ էր նախատեսում Բաստիայի պրեֆեկտուրայում:

Սակայն ազգայնական պատգամավորները, այդ թվում՝ Սիմեոնին եւ Տալամոնին որոշել են չմասնակցել ընդունելությանը: Պատգամավոր Ժան Ֆելիքս Ակվավիվայի խոսքով, որը մեջբերել է Cnews հեռուստաալիքը, «մեծամասնությունը երեկվա իրադարձությունների պատճառով չի մասնակցի այդ ճաշկերույթին»:

2017 թվականի դեկտեմբերին «Հանուն Կորսիկայի» ազգայնական կոալիցիան վճռորոշ հաղթանակ է տարել տարածաշրջանային ընտրությունների երկրորդ փուլում: Տալամոնին եւ նրա զինակիցները պայքարում են Ֆրանսիայից Կորսիկայի ինքնավարության օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս