«Դուք փորձում եք հիմա էլ համայնքներում ստեղծել ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիա». Նաիրա Զոհրաբյան

«Կառավարության հարգարժան ներկայացուցիչ, կոչ եմ անում այս նախագիծը չնդել քվեարկության»,- այսօր Ազգային ժողովում Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս նախագիծը լի է հակասություններով, և նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը չկարողացավ դրա հրատապությունը բացատրել. «Երբ մենք չենք ավարտել խոշորացման փուլերը, երբ մենք դեռ գոնե մեկ հաջողված խոշորացման պատմություն չունենք, դուք բերում եք նման նախագիծ: Դուք փորձում եք հիմա էլ համայնքներում ստեղծել ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիա, այսպես ասած, ձեր սիրած կայուն մեծամասնությունը տեղափոխել նաև համայնքային հարթակ:

Ես այս երկու օրերին զանգեր եմ ստանում ձեր իսկ համայնքապետերից, ովքեր չունեն  քաղաքացիական խիզախություն՝ հրապարակային խոսելու այդ մասին, և ովքեր ևս նշում են, որ այս նախագիծը կործանելու է համայնքները, որոնք այս խոշորացման արդյունքում չեն կարողանում գալ  կայուն վիճակի:

Միգուցե տեղական հանրաքվեներ անեք, ի վերջո, մենք տեղական հանրաքվեներ անելու գործիքը գրեթե չենք օգտագործել: Մի հատ լսեք այդ համայնքների կարծիքը՝ ուզո՞ւմ են միավորվել, թե՞ ոչ: Բայց դուք ասում եք՝ կամավոր կամ օրենքով, այսինքն՝ եթե դուք կամավոր սկզբունքով չհամաձայնեք գնալ միավորման, ապա կբերեն այստեղ օրենքով, մեծամասնությունը մեկ կոճակ դարձած կսեղմի և կտա հավանություն՝ արդեն պարտադիր կերպով միջհամայնքային միավորումներ ստեղծելու: Սա կործանելու է համայնքները»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս