«Թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին». Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի «Ելք» ընդդիմադիր դաշինքի՝ ընդդեմ թանկացումների՝ թվով երկրորդ երթը: Ակցիայի մասնակիցները կրկին վերադարձան «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա այս դարաշրջանը որակեց որպես «խառը կանաչու» դարաշրջան.
«Մեր նախորդ հավաքից հետո բենզինը էլի թանկացավ, թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին, թանկացումների պրոցեսը ծավալվում է մարզերում: Խառը կանաչին էժանացել է 30 տոկոսով, և որպես այդ խառը կանաչու և կանաչ սոխի հակակշռող՝ իշխանությունները ստանում են 2.6 տոկոս գնաճ, որի համար նրանք հայտարարում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների նախաձեռնած երթի հիմնական առաջարկներից կամ պահանջներից մեկը վերաբերվում է ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխությանը, որը նրանք ցանկանում են բերել մինչև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած վիճակին։
Ն. Փաշինյանն այսօր հայտարարեց, որ իրենք վաղը սկսկում են ԱԺ արտահերթ նիստ սկսելու ստորագրահավաքը.
«Մենք առաջարկում ենք ակցիզային հարկը բենզինի, սեմված գազի, դիզվառելիքի մասով վերադարձնել հին մակարդակին, նաև առաջարկում ենք, որ եկամտահարկը նույնպես վերադարձվի նախորդ իրավիճակին»:
Նա հայտարարեց, որ իշխանությունը պետք է տեսնի, որ պրոբլեմ ունի, որ գնա հատուկ քայլերի, եթե՝ չտեսավ, թանկացումները շարունակվելու են. «Մենք հույս ունենք, որ վաղը կհավաքվի անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը, և մյուս շաբաթ այդ նիստը տեղի կունենա»: