ՄԱԿ-ը լուրջ անհանգստություն է հայտնել Աֆրինում բնակվող քաղաքացիների վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի վերաբերյալ:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ֆահրան Հաքը նշել է, որ իրենց հատկապես անհանգստություն են պատճառում թուրքական ԶՈՒ հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների մահերը, որոնց մասին խոսվում է մամուլում:
«Երեկ տեղեկացանք Աֆրինի շրջանի Սեյհ, ալ Հադիդ և Քոբալի գյուղերի վրա իրականացված հարձակումների մասին, որտեղ զոհեր էին գրանցվել»,-նշել է Հաքը:
Ֆահրան Հաքը ՄԱԿ-ի անունից հակամարտող կողմերին կոչ է արել խնայել և պահպանել խաղաղ բնակչությանը, հարգել նրանց ազատ տեղաշարժի իրավունքը:
«ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին պահպանել խաղաղ բնակչությանը, նրանց ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և հարգել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»,-հավելել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակը:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: