Ինքնաթիռն ԱՄՆ-ից Ավստրալիա է ժամանել մանանեխի սերմերից ստացված վառելիքով
Ինքնաթիռն առաջին անգամ ԱՄՆ-ից Ավստրալիա չվերթ է կատարել խառնած վառելիքով, որը մասնակիորեն բաղկացած էր մանանեխի ձեթից: Այդ մասին հայտնել է Herald Sun հրատարակությունը:
Ավստրալիայի Qantas ավիաընկերության Boeing Dreamliner 787-9 ինքնաթիռը 15 ժամ Լոս Անջելեսից Մելբուռն է թռել կենսավառելիքի օգտագործմամբ: Հաղորդվում է, որ ավիաընկերությունն օգտագործել է ստանդարտ ավիացիոն վառելիք՝ մանանեխի սերմերի հիման վրա ստացված 10 տոկոս օրգանական վառելիքի հավելումով: Դրա շնորհիվ ավիաընկերությանը հաջողվել է 7 տոկոսով կրճատել ածխաթթվական գազի արտանետումները:
Qantas-ի ներկայացուցիչների խոսքով՝ «ոչ ավանդական» վառելիքի օգտագործումը ոչ մի վտանգ չի ներկայացնում: «Դա բացարձակապես նորմալ թռիչք էր մեզ համար»,- մեջբերում է անում հրատարակությունը Qantas International-ի գլխավոր տնօրեն Էլիսոն Ուեբսթերի խոսքից:
Ավիաընկերության տվյալներով՝ կենսավառելիքի օգտագործումը կարող է ածխաթթվական գազի արտանետումները կրճատել 80 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: