«Ո՞վ է ինձնից հարցրել՝ ես պատրա՞ստ եմ հայրենիքս հանձնել, թե՞ չէ». Արկադի Կարապետյանը՝ հողեր հանձնելու թեզի մասին
«Մերը ժողովրդական բանակ է, այսօր ոչ մի հայ չկա, որ հայոց բանակի հետ կապ չունենա, մենք ազգ-բանակ ենք, անհաղթելի ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արցախյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանը:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն թեզին, թե՝ հողերը հանձնենք, որ լավ ապրենք՝ Ա. Ալեքսանյանն այսպես պատասխանեց.
«Էդ ասողների լեզուն պետք է կտրել, չի կարող տենց բան լինի, ես չեմ հավատում, որ որևէ հայ կարող է նման բան ստորագրել, ոչինչ, թող բլբլան, բայց չեն կարող ստորագրել, բոլորը մեզնից ծնված են, անկախ նրանից ՝ սիրում ենք, չենք սիրում, հարգում ենք, չենք հարգում, բայց ոչ ոք չի կարող այսօր ստորագրել»:
Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանն (Արկո) էլ նշեց, որ չպետք է նման բաներ հայտարարել.
«Ժողովրդի հետ չի կարելի նման բաներ խոսել, մարդուն հազար անգամ ասեն՝ էշ ես, կսկսի զռռալ: Սա տարածք չէ, որ մենք հանձնենք, սա մեր հայրենքին է, իսկ հայրենիքը չեն հանձնում: Ո՞վ է ինձնից հարցրել՝ ես պատրա՞ստ եմ հայրենիքս հանձնել, թե՞ չէ: Իսկ ես պատրաստ չեմ, ու ո՛չ էլ իմ ընկերությունն է պատրաստ, ու երբեք էլ պատրաստ չենք լինի, մենք հող չենք գրավել, մենք ազատագրել ենք մեր հայրենիքը: Ա՛յ, որ նույնիսկ ազգային մտածելակերպով մարդիկ ասում են՝ գրավել ենք, այդպես չպետք է ասեն, մենք ազատագրել ենք մեր հայրենիքը: Որ ասում են՝ 800 հեկտար հող, ես հո գյուղատնտես չե՞մ, հեկտարով չեմ հաշվում, սա մեր հայրենիքն է, մենք պետք է Բաքուն վերցնենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: