Բաժիններ՝

Գիտության ոլորտում սպասվում է օպտիմալացում, կրկնվող թեմատիկայով հիմնարկները կմիավորվեն

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի խոսքով՝  այս տարի իրականացվելու է գիտության ոլորտի օպտիմալացման և կառուցվածքային փոփոխությունների ծրագրի մշակում:

«Ժամանակն է, որ բազմաթիվ ինստիտուտներ, որոնք շատ հաճախ թեմատիկայով կրկնվում են, միավորվեն: Օպտիմալացումն ամենևին չի նշանակում, որ ակտիվ աշխատող գիտնականներից հրաժարվելու ենք, իհարկե, ոչ: Նրանք մեր գիտության մեջ մնալու են, պարզապես կառուցվածքային վերաբաշխում կլինի: Վարչական հաստիքների կրճատման հաշվին կլինեն ազատված միջոցներ, որոնք կարելի է վերաբաշխել և աշխատավարձերը որոշ չափով բարձրացնել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Սամվել Հարությունյանը:

Նա նշեց, որ վարչական աշխատողների թվաքանակը, ընդհանուր կառուցվածքում, շատ փոքր թիվ է կազմում: Օպտիմալացման առաջին փուլում ենթադրվում է, որ տեղի կունենա վարչական աշխատողների մոտ 10 տոկոսի չափով կրճատում, որն, ըստ նրա, առանձնապես շատ մեծ թիվ չէ: Բացի դա, Սամվել Հարությունյանը նշեց, որ վարչական աշխատողների թվաքանակի կրճատումն ամենևին չի նշանակում այդ մարդկանց դուրս հանել:

«Ներկայում վարչական աշխատողների զգալի մասը նաև գիտությամբ է զբաղվում, հետևաբար, նրանք կարող են իրենց դրսևորել գիտական որևէ ծրագրում ներգրավելով: Այն մարդիկ, ովքեր կցանկանան շարունակել իրենց գործունեությունը գիտության այս կամ այն ծրագիրը շարունակելու ուղղությամբ, կմնան»,-ասաց նա:

Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչական աշխատողների համար կսահմանվի տարիքային սահմանափակում, կկարողանան աշխատել մինչև 70 տարեկանները: Նշված տարիքից բարձր աշխատողները հնարավորություն կունենան զբաղվել գիտական հարցերով կամ լինել խորհրդատուներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս