Բաժիններ՝

Հայտնի են անկախ կինոյի «Սանդենս» փառատոնի դափնեկիրները

Դեզիրե Աքհավանի «Քեմերոն Փոստի ոչ ճիշտ դաստիարակությունը» ֆիլմը նվաճել է անկախ կինոյի «Սանդենս» փառատոնի գլխավոր պարգեւը։

Իրանական ծագմամբ ամերիկացի ռեժիսոր Աքհավանի ֆիլմը ժյուրիի մեծ մրցանակը շահել է «ԱՄՆ-ի արտադրության լավագույն դրամա» կատեգորիայում: «Լավագույն արտասահմանյան դրամատիկական ֆիլմ» անվանակարգում ժյուրիի մրցանակը նվաճել է թուրք ռեժիսոր Թոլգա Կարաչելիքի «Թիթեռնիկներ» կինոնկարը:

Լավագույն ամերիկյան վավերագրական ժապավեն է ճանաչվել Դերեք Դոնինի «Կայլաշ» ժապավենը, որը պատմում է հնդիկ իրավապաշտպան եւ երեխաների իրավունքների մարտիկ Կայլաշ Սաթյարթհիի մասին: Համաշխարհային դոկումենտալիստիկայում ժյուրին լավագույնն է ճանաչել սիրիացի ռեժիսոր Թալալ Դերքիի «Հայրեր եւ որդիներ» ֆիլմը:

Հանդիսականների համակրանքի մրցանակը ամերիկյան լավագույն ֆիլմ կատեգորիայում նվաճել է Էնդրյու Հեքլերի «Բեռը» ժապավենը, փառատոնի լսարանի վարկածով լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմ էդարձել Ռուդի Վալդեզի «Դատավճիռը», համաշխարհային կինոյում հանդիսականների համակրանքի մրցանակը բաժին է հասել դանիացի ռեժիսոր Գուստավ Մյուլլերի «Մեղավորը» ֆիլմին եւ Ալեքսանդրա Շիվայի՝ փախստականների կյանքի մասին պատմող «Տունը» վավերագրական ժապավենին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարի փառատոնին մասնակցելու համար ընտրվել Էին 29 երկրների 121 լիամետրաժ կինոնկարներ, ընդ որում 53-ը դեբյուտային էին: Փառատոնի մասնակիցներին ընտրել էին 13 հազար 468 հայտերից, որոնցից գրեթե 4 հազարը կարճամետրաժ ֆիլմեր էին: Այդ ֆիլմերի հեղինակների կեսից ավելին օտարերկրյա մասնակիցներ էին: Ավանդաբար մրցութային ծրագրում 16-ական կինոնկարներ էին երկայացված այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ «Լավագույն ամերիկյան դրամատիկական ֆիլմը» եւ «Լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմը»:

«Համաշխարհային վավերագրություն» կատեգորիայում ներառված էր 12 ֆիլմ: «Սանդենս» փառատոնն անկախ կինոյի առավել ազդեցիկ ստուգատեսներից մեկն է ԱՄՆ-ում: Այն հիմնվել է ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդի կողմից եւ կոչվել «Բուչ Քեսիդին եւ «Սանդենս Քիդը» կուլտային վեսթեռնում Ռեդֆորդի հերոսի պատվին: Ամեն տարի փառատոնի շրջանակներում Փարք Սիթիում, Սոլթ Լեյք Սիթիում եւ Օգդենում կազմակերպվող դիտումներին այցելում է ավելի քան 50 հազար մարդ: Կինոնկարները, որոնց պրեմիերաները կայացել են փառատոնում, հաճախ տոն են տալիս հետագա ամբողջ կինոտարվան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս