ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միգրացիան որակել է դրական ֆենոմեն, որը սնում է տնտեսական աճը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդգծել է, որ անհրաժեշտ է առավելագույն օգուտ քաղել միգրացիայից եւ նվազագույնի հասցնել դաժան վերաբերմունքը միգրանտների հետ:
Այս հայտարարությունը նա արել է հունվարի 28-ին Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ մասնակցում է Աֆրիկյան միության (ԱՄ) անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 30-րդ հանդիպման աշխատանքին:
Գլխավոր քարտուղարի խոսքը բերված է ՄԱԿ-ի կայքում: «Թույլ տվեք ինձ ասել ամբողջ պարզությամբ. միգրացիան դրական գլոբալ ֆենոմեն է, որը սնում է տնտեսական աճը, նվազեցնում անհավասարության մակարդակը, շփումներ հաստատում հասարակությունների միջեւ եւ օգնում սանձելու բնակչության թվաքանակի ավելացման կամ նվազման ժողովրդագրական ալիքները»,- նշել է նա:
«Ես դատապարտում եմ միգրանտների նկատմամբ՝ լայնորեն տարածված դաժան վերաբերմունքը եւ նրանց շահագործումը, որոնք անարգանք են ամբողջ մարդկության համար»,- շարունակել է Գուտերիշը: Աֆրիկյան միության գագաթնաժողովն անցնում է «Կոռուպցիայի նկատմամբ պայքարում հաղթանակը հուսալի ուղի է Աֆրիկայի բարեփոխման համար» կարգախոսի ներքո:
Բացի դրանից, Աֆրիկայի ղեկավարները մտադիր են քննարկել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման թեման, մասնավորապես, Սահելի գոտում, Լիբիայում եւ Հարավային Սուդանում: Աֆրիկյան միությունն Աֆրիկայի խոշորագույն միջկառավարական կազմակերպությունն է, որը միավորում է մայր ցամաքի 55 պետություններ: Աֆրիկյան միության կենտրոնակայանը գտնվում է Ադիս Աբեբայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: