Բաժիններ՝

Սերը հոգեվիճակ է

Մարդն անընդհատ հարցումների ու փնտրտուքների մեջ է, թե ի՞նչ է սերը, կամ ո՞րն է սերը: Մարդը միշտ սիրո կարիք ունի, իսկ սիրո միակ կարիքն արտահայտվելն է: Այն կյանքի շարժիչ ուժերից է: Սերն արարչագործությունն է:

Սերը համամարդկային է, սակայն յուրաքանչյուրն ունի սիրո իր բանաձևն ու բաղադրատոմսը: Բանաձևում ենք, թե ինչ է սերը:

Տեր Եսայի քահանա Արթենյան. «Սերը հոգեվիճակ է, որն արտահայտում է մարդու անհատականությունը: Սերը ծնվում է ազատության մեջ: Միայն ազատ մարդը կարող է դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա»:

Նորա Հարությունյան. «Սերն ամենից առաջ ԱՍՏՎԱԾ է, Ումից բխում է մնացած ամեն ինչ։ Սերը կյանքի կարևորագույն ապրումն է, որը լցնում է հոգիդ ուրախությամբ, քաղցրությամբ և ջերմությամբ։ Այն ուզում ես տալ բոլորին՝ բնությանը, մարդկանց, այն գործին, որը կատարում ես։ Աստվածային սերն ապրելիս հոգևոր վերելք ես ունենում։ Աստվածային սիրո դրսևորում է միշտ պատրաստակամ լինել դիմացինի հանդեպ բարին գործել, նույնիսկ փորձել կատարել անհնարին թվացողը՝ առանց տրտնջալու և փոխադարձը պահանջելու, հավատարիմ և սիրով մնալ այն ամենի մեջ, ինչ ունես, ինչ գործ անում ես։ Սերը գոհանալը և ուրախանալն է»։

Արտակ սարկավագ Տիպան. «Երբ ասում ենք սեր, հասկանում ենք Քրիստոսի օրինակը` անձնազոհություն, ուրիշին բարիք գործել առանց երկմտելու ու հետին միտք ունենալու, սիրել դիմացինին, ինչպես քո անձը: Չեզոք անձ չլինել, այլ զոհվել հանուն սիրելի էակի ու անվերապահորեն հոգիդ տալ հանուն ազգի ու Եկեղեցու»:

Անահիտ Կոշկարյան. «Սերն ինքնազոհաբերում է, երբ հոգիդ հանում ու նվիրում ես այն մարդուն, ում սիրում ես, իսկ հետո հոգուդ տեղը լցնում այդ մարդով»։

Նարեկ Շամամյան. «Սերը հոգու ներդաշնակություն է, հանգստության զգացում, որը սահմաններ չունի»:

Տեր Եփրեմ քահանա Հարությունյան. «Քրիստոնեական սերը սեփական ես-ի հուղարկավորությունն է և մյուսներին անմնացորդ ծառայելը, անշահախնդիր նվիրվելը, քո անձնական ես-ին համընդհանուրի մեջ հարություն տալը»:

Անի Ավետիսյան. «Իրական, մաքուր ու մեղքերից հեռու սերը քրիստոնեական հավատի հիմքն է։ Ուղղակի պետք է հասկանալ, որ սերը միայն զգացմունք չէ»:

Սերինե Աղաբեկյան. «Սերն ուրիշի համար բարին փնտրելն է»:

Աննա Ապոյան. «Սերը զոհաբերություն է: Աստված զոհեց Իր Միածին Որդուն՝ հանուն մարդու: Նա, ով սիրում է, պետք է պատրաստ լինի զոհաբերության»:

Տեր Նշան քահանա Ալավերդյան. «Սերը սկիզբն է, տալն ու արարելը: Սերը սիրելով է պետք արտահայտել, այլապես այն կմնա որպես գաղափար»:

Ի վերջո, սերը մարդկային ամենահասարակ վերաբերմունքն է՝ հասարակ ժպիտ, կարեկցանք, բարեկամություն անծանոթ մարդուն:

Հունվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Սարգսի տոնը, որը ևս մեկ գեղեցիկ առիթ է հիշելու, որ Աստված սեր է, կյանքը՝ սիրով լի հարատևություն:

Զարա Ղազարյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս