Իսրայելական տանկերն անխոցելի կդառնան
Իսրայելի Պաշտպանության բանակի ամբողջ առաջավոր տանկային հավաքակազմն առաջիկա երեք տարվա ընթացքում կհանդերձվի «Մեիլ Ռուախ» ակտիվ պաշտպանության համալիրներով:
Jane՚s-ին տված հարցազրույցում այս մասին պատմել է «Ռաֆայել» ընկերության ցամաքային տեխնիկայի պաշտպանության համակարգերի բաժնի ղեկավար Իֆթահ Քլեյնմանը: Զրույցի հակիրճ շարադրանքն իր բլոգում ներկայացնում է օգտատեր Օլեգ Գրանովսկին, որը լուսաբանում է իսրայելական բանակի նորությունները։
Հաղորդվում է, որ «Մեիլ Ռուախ» համակարգ կստանան այդ թվում «Մերքավա-3» տանկերը, որոնցով, մասնավորապես, համալրված է «Բարաք» կանոնավոր զրահատանկային բրիգադներից մեկը:
Քլեյնմանի խոսքով՝ այս համալիրը, որն ամերիկացի զինվորականներն ընտրել են իրենց «Աբրամս» տանկերի համար, թեստավորվել է ԱՄՆ-ում: Փորձարկումներն անցել են Ցելսիուսի մինուս 25-ից մինչեւ պլյուս 50 աստիճան ջերմաստիճանների դեպքում, մեքենաները զանազան իրավիճակներում գնդակոծվել են ամենաարդիական տիպերի հակատանկային միջոցներով: Ընդամենն իրականացվել է «Մեիլ Ռուախ» համալիրներով հանդերձված տեխնիկայի 48 գնդակոծում, եւ ոչ մի դեպքում համակարգը չի խոցվել: