Բաժիններ՝

«Ջրի ձևը» ֆիլմի ստեղծողներին մեղադրել են գրագողության մեջ

Ամերիկացի գրող եւ սցենարիստ, Փուլիթցերյան մրցանակի դափնեկիր Պոլ Զինդելի ընտանիքը «Ջրի ձեւը» ֆիլմի ստեղծողներին մեղադրել է գրագողության մեջ: Այդ մասին  հայտնել է The Guardian թերթը:

Մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի կինոնկարը, որը թողարկվել է Fox Searchlight կինոընկերության կողմից, դարձել է «Օսկար» կինոմրցանակի հանձնման առաջիկա արարողության ֆավորիտը՝ ընդհանուր առմամբ ստանալով 13 անվանակարգ, ներառյալ հիմնականը՝ «Լավագույն ֆիլմը»:

«Մենք ցնցված ենք, թե ինչպես կարող էր նման խոշոր կինոստուդիան ստեղծել ֆիլմ, որի սյուժեն այդչափ ակներեւորեն փոխառված է իմ հանգուցյալ հոր պիեսից (նկատի է առնվում «Թույլ տուր ինձ լսել քո շշուկը»)՝ չընդունելով դա եւ իրավունքների համար մեզ չդիմելով»,-թերթը մեջբերում է Դեւիդ Զինդելի՝ գրողի որդու խոսքը:

«Գիլիերմո դել Տորոն երբեք չի կարդացել եւ որեւէ ձեւով չի տեսել պրն. Զինդելի ստեղծագործությունը: Եթե Զինդելի ընտանիքը հարցեր ունի այդ ինքնատիպ աշխատանքի վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք զրուցել նրանց հետ»,- The Guardian-ը մեջբերում է Fox Searchlight-ի մեկնաբանությունները:

Ինչպես հավելել է հրատարակությունը, երկու ստեղծագործությունների սյուժեում իսկապես շատ են նմանությունները: Երկու գործերում էլ գլխավոր հերոսուհին հավաքարարուհի է, որն աշխատում է ռազմական գաղտնի լաբորատորիայում: Նա սիրահարվում է ջրում ապրող էակի (միայն թե Զինդելի մոտ այն դելֆինն է, իսկ դել Տորոյի մոտ՝ հումանոիդ երկկենցաղը): Այդ էակի վրա հանելուկային գիտափորձեր են անցկացնում, եւ հավաքարարուհին փորձում է նրան փրկել:

Դրամատուրգ Պոլ Զինդելն ավելի հայտնի է որպես «Գամմա ճառագայթների ազդեցությունը մարգարտածաղիկների պահվածքի վրա» պիեսի հեղինակ, որի համար նա 1971 թվականին ստացել է Փուլիթցերյան մրցանակ եւ որի հիման վրա 1972 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմ՝ ստանալով «Ոսկե գլոբուսի» անվանակարգ եւ Կաննի կինոփառատոնի մրցանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս