ԿԺԴՀ-ն ուղերձ է հղել ողջ կորեական ազգին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուղերձ են հղել ողջ կորեական ազգին՝ կոչ անելով թուլացնել ռազմական լարվածությունը Փենյանի եւ Սեուլի միջեւ: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, ամենակարեւոր խնդիրը կորեական ազգի միավորումն է: Ընդ որում նշվում է, որ ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պետք է ինքնուրույն որոշում կայացնեն երկրի միավորման հարցում: Փենյանն ընդգծում է, որ այդ հարցին երրորդ երկրների միջամտությունն անթույլատրելի է:
Հյուսիսկորեական իշխանությունները նաեւ առաջարկում են թուլացնել ԿԺԴՀ-ի հասցեին քննադատությունը նրա հրթիռային ու միջուկային ծրագրերի կապակցությամբ, որոնք, ինչպես կարծում են Փենյանում, չեն խանգարում Հյուսիսի ու Հարավի միջեւ հարաբերությունների բարելավմանը:
Փենյանը նաեւ կոչ է անում կորեական ազգին՝ հակազդել ԱՄՆ-ին, որը, ինչպես նշվում է, միջուկային պատերազմ է հրահրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: