Վթար «Վահիկի մոտ» սննդի կետի մոտ․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հունվարի 24-ին՝ ժամը 19:02-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Վահիկի մոտ» կոչվող արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Վայք հատվածի 124-րդ կմ-ին բախվել են «Opel Vektra» մակնիշի 35 OZ 538 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Մ.) և «ՆԻԱՇ» ՍՊԸ-ին պատկանող «MAN» մակնիշի 012 LU 43 պետհամարանիշերով (վարորդ՝ 1966 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vektra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Մ.-ը, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Մ. Խ.-ը և 1985 թ. ծնված Վ. Դ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը: Բժիշկները Ա. Մ.-ի և Վ. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Խ.-ը՝ ծայրահեղ ծանր: