Չեխիայի նախագահը Բաբիշին հանձնարարել է նոր կառավարություն կազմել
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունվարի 24-ին ընդունել է վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած փոքրամասնության կառավարության հրաժարականը եւ վերստին հանձնարարել է նրան նոր կաբինետ ձեւավորել: Արարողությունը հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ:
«Ես հուսով եմ, որ Ձեզ կհաջողվի կազմել այնպիսի կառավարություն, որը կկարողանա ստանալ խորհրդարանի վստահությունը»,-ասել է նախագահը՝ դիմելով Բաբիշին: Հունվարի 23-ի երեկոյան Զեմանը հայտարարել է, որ Բաբիշին կրկին վարչապետ կնշանակի փետրվարի ընթացքում՝ անկախ նախագահական ընտրությունների (փետրվարի 26-27-ին) երկրորդ փուլի արդյունքներից, քանի որ Զեմանի ներկայիս նախագահական մանդատը լրանում է մարտի 8-ին:
Դոլարային միլիարդատեր Բաբիշի կողմից ստեղծված եւ գլխավորվող ANO շարժումը հաղթանակ է տարել խորհրդարանի՝ հոկտեմբերին կայացած ընտրություններում, ինչից հետո Զեմանը նրան հանձնարարել է կաբինետի ձեւավորումը: Սակայն մնացած կուսակցությունները հրաժարվել են այդ գործընթացին մասնակցել Բաբիշի նկատմամբ ոստիկանական հետաքննության կապակցությամբ, որին կասկածում են այն բանում, որ նա անօրինականորեն իր ֆիրմաներից մեկի համար ԵՄ-ի սուբսիդիա է ստացել 2 մլն եվրոյի չափով:
Հունվարի 26-27-ին Չեխիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են Զեմանը եւ Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Յիրժի Դրագոշը: Վերջին հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հաղթանակ տանելու երկու հավակնորդների շանսերը գործնականում հավասար են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: